Իրանում ՀՀ դեսպանն իրանցի գործարարներին ներկայացրել է Հայաստանում տնտեսական բարեփոխումները

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն օգոստոսի 17-ին գործնական այցով մեկնել է Ղազվին նահանգ, որտեղ հանդիպումներ է ունեցել նահանգապետ Ֆերեյդուն Հեմմաթիի, Ղազվինի քաղաքապետ Մասուդ Նոսրաթիի, նահանգի Առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի տնօրինության, գործարարների, ինչպես նաև Իսլամական ազատ համալսարանի ռեկտոր Մորթեզա Մուսախանիի և գիտխորհրդի անդամների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արտաշես Թումանյանն իրանական կողմի հետ քննարկել է հայ-իրանական տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ղազվինում գործարարների հետ հանդիպման ընթացքում վերջիններս ներկայացվել են Հայաստանում իրականաված տնտեսական բարեփոխումները և ներդրումային հնարավորությունները:

Դեսպան Թումանյանն այցելել է Ղազվինի «Ալբորզ» արդյունաբերական ավանի «Pakshoo» քիմիական արտադրական համալիր և «Kashi Pars» սալիկների գործարան:

ՀՀ դեսպանը այցելել է նաև ձեռնարվեստի թանգարան և նահանգի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում