ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ ինտեգրացման համաձայնագիրը հնարավոր կդառնա 20-ական թվականների կեսերին. ԵԱԶԲ

Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ ինտեգրացման համաձայնագրի կնքումը հնարավոր կդառնա 2020-ական թվականների կեսերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքին են Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի (ԻՈւԿ) եւ Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտի (IIASA, Ավստրիա) փորձագետները, որոնք համատեղ նախագծի շրջանակներում հրապարակել են «Եվրամիություն եւ Եվրասիական տնտեսական միություն. երկարաժամկետ երկխոսությունը եւ համաձայնագրի հեռանկարները» զեկույցը:

Զեկույցի հեղինակները ելնում են ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների՝ ապագայում կառուցողական հուն վերադառնալու եւ փոխադարձ պատժամիջոցների չեղարկման հնարավորության հայտնվելու վարկածից: ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում հարկավոր է երկարաժամկետ տեսլական եւ պլանավորում, ասված է ԵԱԶԲ-ի մամուլի տեղեկագրում:

«Դրա համար անհրաժեշտ Է արդեն այժմ փորձագիտական մակարդակով որոշել հեռանկարային օրակարգը եւ վերլուծական հիմք ստեղծել ապագա բանակցությունների համար,-նշում է ԵԱԶԲ-ի ԻՈւԿ-ի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:- Մենք առանձնացնում ենք բանակցային գործընթացին 20 հեռանկարային ուղղություններ»:

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից հիմնադրվել է 2006 թվականի հունվարին: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար:

Վարկային կազմակերպության մասնակից պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում