Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել հատուկ ծառայություններին ահաբեկչական գործողությունը կանխելու համար

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Պետական անվտանգության ծառայությանը երկրի տարածքում ահաբեկչական գործողության փորձը կանխելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Օգոստոսի 22-ին հայտնի է դարձել Վրաստանի տարածքում անցնող գազամուղի պայթեցման փորձի մեղադրանքով յոթ մարդու ձերբակալման մասին, գազամուղ, որով Ռուսաստանից բնական գազ է փոխադրվում Հայաստան:

«Պետական անվտանգության ծառայությունը շատ արդյունավետ գործեց: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այդ գործողությանը, քանի որ մենք խուսափեցինք մեծ ողբերգությունից: Շատ կարեւոր է նման ժամանակին ու արդյունավետ միջոցառումների անցկացումը»,- ասել է Կվիրիկաշվիլին լրագրողներին:

Դրա հետ մեկտեղ կառավարության ղեկավարը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից մինչեւ հետաքննության ավարտը:

«Կարելի է ասել մի բան. ակներեւ է, որ հաջողվեց խուսափել շատ մեծ սպառնալիքից»,-հավելել է վարչապետը, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում