Մոսկվայի կենտրոնում Սիթիբանկի բաժանմունքը գրաված Արամ Պետրոսյանը հանձնվել է իշխանություններին

Մոսկվայի Բոլշայա Նիկիտսկայա փողոցում Սիթիբանկի բաժանմունքը գրաված տղամարդը բաց է թողել բոլոր պատանդներին եւ հանձնվել իշխանություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության՝ մայրաքաղաքի վարչությունը: Պարզվել է, որ առեւանգիչը սնանկացած ձեռնարկիչ Արամ Պետրոսյանն է: Նա ընդամենը պատանդ էր վերցրել չորս մարդու:

Լրատվական գործակալությունների աղբյուրները նշում են, որ Պետրոսյանի կրծքին ամրացված տուփը, որը նա ներկայացրել էր որպես պայթուցիկ սարք, եղել է աղով լի տուփ: Պաշտոնապես դա չի հաստատված:

Պատանդառուն պահանջել է «ֆիզիկական եւ իրավական անձանց սնանկացումը պետական մակարդակով ճանաչել հիվանդություն», ինչպես նաեւ ստեղծել նոր ինստիտուտ այդ խնդիրների լուծման համար:

55-ամյա Պետրոսյանը հարձակումից առաջ տեսագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված տեսաուղերձ եւ տեսահոլովակը զետեղել YouTube-ում:

Պետրոսյանը նախազգուշացրել է, որ 2016 թվականի օգոստոսի 24-ին ինքը «կդիմի ՌԴ-ի Քրեական օրենսգրքի խիստ խախտման»: Նրա խոսքով՝ իր արարքի մասին կխոսեն ոչ միայն Ռուսաստանում, այլեւ արտասահմանում:

Նա իր քայլը բացատրում է ֆիզիկական եւ իրավական անձանց սնանկացման հիմնախնդրով, որը նա համեմատում է «ժանտախտի» հետ: Նա գանգատվում է բանկերի եւ կոլեկտորների գործողություններից:

Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապահ մարմինների, հայտնել են, որ Պետրոսյանը պարտքերի տակ է հայտնվել անհաջող գործարարության պատճառով: Մի քանի տարի նա առաջարկում էր գործարարության օժանդակման զանազան նախաձեռնություններ: Իրավապահ մարմիններում «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հաղորդել է, որ գործարարն իր առաջարկությունների պատասխան չի ստացել եւ որոշել է այս կերպ ուշադրություն հրավիրել իր վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում