«Առավոտ». Դպրոցն օպտիմալացրին, երեխաներին դռնեդուռ գցեցին, շենքն էլ չշահագործեցին

Հարյուրավոր աշակերտների ու ուսուցիչների կրած դժվարությունների, սթրեսի ու գործազուրկ մնալու գնով 13 տարի առաջ Հին Նորքի Սունդուկյանի անվան թիվ 26 դպրոցն օպտիմալացվեց։ Երբեմնի լուսավոր այս օջախի դռները այսօր զմռսված են. միայն պատի ցուցանակն է հիշեցնում, որ այդտեղ դպրոց է գործել։ Նախկին դպրոցի շենքը չի շահագործվում, որևէ այլ նպատակի չի ծառայում։ Այն օր օրի մաշվելով ու քանդվելով՝ նույնիսկ վտանգ է ներկայացնում շրջապատում բնակվող հատկապես երեխաների համար. գրել է «Առավոտ»-ը:

«Շենքի ապակիները քամուց ու այլ ցնցումներից կոտրվում՝ ընկնում են, պատերից քարերը թափվում են։ Ի դեպ, ծնողներն այնքան գոհ էին այս դպրոցի ուսուցչական կոլեկտիվից, որ անգամ օպտիմալացվելուց հետո էլ, ի նշան բողոքի, դպրոցի դասերը չէին դադարել, և մի որոշ ժամանակ իրենց երեխաներին տանում էին այս դպրոց, ուսուցիչներն էլ առանց վարձատրվելու աշխատում էին։ Թե՛ ծնողների և թե՛ ուսուցիչների կարծիքով՝ իրենց դպրոցի շենքն ամենևին էլ վթարային չէր, և կրթության պատասխանատուների կողմից նման հիմնավորումն ընդամենը պատրվակ էր օպտիմալացման ծրագիրն իրագործելու։ Այսօր Հին Նորքի երեխաները ստիպված են լինում Կենտրոնի դպրոցներ հաճախել, ոմանք էլ Մարաշի դպրոցներից են օգտվում, որտեղ հասնելու համար երեխաները մի քանի կիլոմետր պետք է ոտքով քայլեն՝ տրանսպորտի բացակայության պատճառով»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում