«Հրապարակ». Մեղրիում մրցելու են ՀՀԿ-ական «շեֆն» ու «զամը»

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում սպասվելիք ընտրություններում գործող քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը, ի զարմանս մեղրեցիների, չի առաջադրվել՝ «սյունյաց տիրակալի դաբրոն» չունենալու պատճառով: Փոխարենը միանգամից երկու ՀՀԿ-ական թեկնածու է առաջադրվել, և պայքարը, փաստորեն, գնալու է երկու ՀՀԿ-ականների միջև, որոնցից մեկին առաջադրել է կուսակցությունը, մյուսն ինքնառաջադրվել է: Առաջինը Մխիթար Զաքարյանն է՝ Ագարակ համայնքի ղեկավարը, մյուսը նրա տեղակալը՝ Արմեն Սամվելյանը: Եվ այսպես, հաշված օրեր հետո «շեֆ» ու «զամ» պիտի մրցեն միմյանց հետ, և, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, նման մրցությունների ժամանակ «զամ»-ը մեծահոգաբար պարտվում է «շեֆին»՝ հաշտվելով երկրորդը լինելու ճակատագրի հետ:

Մեղրեցիներն էլ նույն կանխատեսումն են անում՝ որպես ռեալ թեկնածու դիտելով Զաքարյանին, որը, ըստ տեղացիների, վայելում է մարզի ղեկավարության՝ անձամբ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, ինչպես նաև ՀՀԿ վերնախավի բարձր հովանավորությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում