Միհրան Հարությունյանը չի հեռանալու սպորտից. երկրպագուները նրան ոգևորել են (տեսանյութ)

«Ռիո-2016»-ի Օլիմպիական խաղերում կողմնակալ մրցավարության պատճառով օլիմպիական ոսկե մեդալից զրկված հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը նշել է, որ հենց այնպես սպորտից չի հեռանալու:

«Ես շնորհակալ եմ բոլորին: Հուզված եմ: Ես զգում եմ անսահման սեր իմ ժողովրդի կողմից, իսկ դա ամենալավն ու ամենահաճելին է: Այս ամենն անհավանական է: Ես չեմ կարող բացատրել, փոխանցել զգացողություններս: Այն ամենից հետո, ինչ ես տեսա այստեղ եւ ապրեցի, հենց այնպես սպորտից չեմ հեռանա: Ես իմ ազգին այսպիսի մի ուրախություն էլի կնվիրեմ»,– այս մասին ասել է Միհրան Հարությունյանը:

Օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Ռիո-2016-ի Հայաստանի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանն ու Միհրան Հարությունյանը վերադարձան հայրենիք, որտեղ հայերը մեծ ոգեւորությամբ եւ ցնծությամբ դիմավորեցին նրանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում