Թուրքիայի փոխանակման կետերում հրաժարվում են ադրբեջանական մանաթ փոխանակել

Ադրբեջանում ազգային արժույթի` մանաթի փոխարժեքի շարունակական անկման հետ կապված Թուրքիայի տարադրամի փոխանակման կետերում հրաժարվում են մանաթ փոխանակել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az լրատվական կայքին հայտնել է Թուրքիայում բնակվող ադրբեջանցի Հուսեին Գուրբանովը:

Նա պատմել է, որ մանաթի փոխարժեքի անորոշության պատճառով Ստամբուլում տարադրամի փոխանակման կետերում հրաժարվում են մանաթ ընդունել:

Փոխանակման կետի աշխատակիցները հայտնել են, որ չեն փոխանակի անգամ 1 մանաթը 1 թուրքական լիրային հավասար փոխարժեքով:

Ներկայում Թուրքիայում պաշտոնական փոխարժեքով 1 մանաթը հավասար է 1,8 թուրքական լիրայի:

Մոտ մեկ տարի առաջ ադրբեջանական 1 մանաթն արժեր 3,5 լիրա: Նման կերպ շարունակելու դեպքում ադրբեջանական մանաթը, որպես ամենարագ էժանացող տարադրամ, կհայտնվի Գինեսի գրքում, գրում է կայքը:

Ադրբեջանում մանաթի արժեզրկման հետ կապված դոլարային իրարանցում է տիրում: Որոշ բանկեր արտարժույթը սկսել են վաճառել «անհատական կարգով» սահմանված փոխարժեքով: Դոլարի նկատմամբ բնակչության պահանջը մեծացել է: Դա պայմանավորված է մինչեւ սեպտեմբերի 3-ը դոլարի նկատմամբ մանաթի եւս 40 տոկոսով էժանանալու մասին լուրերի շրջանառության հետ:

Fins.az լրատվական կայքը հայտնել է, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը բանկերին օրական պահանջվածից մինչեւ 40 անգամ պակաս դոլար է վաճառում, ինչի պատճառով բոլոր բանկերը սկսել են յուրաքանչյուր անձին 100 ամերիկյան դոլարից ավելի արտարժույթ չվաճառել: Ադրբեջանի Xalq Bank բանկն էլ հայտարարել է, որ եվրոն վաճառվում է միայն դրամարկղում, այն էլ` «անհատական կարգով» սահմանված փոխարժեքով:

Բանկային հատվածի աղբյուրները istiqlal.az կայքին հայտնել են, Ադրբեջանում դոլարի վաճառքը գրեթե դադարեցվել է, վերակենդանացել է սեւ շուկան:

«Արժեզրկմանը պատրաստվելու նպատակով բանկերը պաշտոնապես նվազագույնի են հասցրել դոլարի վաճառքը եւ արտարժույթը հանել սեւ շուկա: Սեւ շուկան գտնվում է բանկերի ամբողջական վերահսկողության տակ», -գրում է ադրբեջանական կայքը:

«Մոտ օրերին դոլարի փոխարժեքը կդառնա 2,02 մանաթ», -նշել է կայքը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:

«Ազադլըգ» թերթը, հղում կատարելով Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեին, գրում է, արտահանման եւ ներկրման միջեւ բացասական հաշվեմնացորդը մոտ 1 մլրդ դոլար է, ինչն անխուսափելի է դարձնում մանաթի կտրուկ արժեզրկումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում