Թրամփը ժողովրդականության ցուցանիշով շարունակում է մոտենալ Քլինթոնին

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկայում իր մրցակցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին, ժողովրդականության ցուցանիշով գերազանցում է միայն 3 տոկոսով, ինչի մասին վկայում են նոր սոցիոլոգիական հարցման՝ օգոստոսի 28-ին հրապարակված տվյալները, որն անցկացրել է Morning Consult poll ընկերությունը:

Օգոստոսի 24-ից մինչեւ 26-ը կատարված ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 43 տոկոսը, Թրամփի օգտին՝ 40 տոկոսը: Հարցվածների եւս 17 տոկոսը չի հստակեցրել իր դիրքորոշումը: Այսպիսով, միլիարդատերը մոտեցել է իր գլխավոր մրցակցին. մեկշաբաթյա վաղեմության հարցման տվյալներով նա Քլինթոնից ետ էր մնում 6 տոկոսով, իսկ օգոստոսի սկզբին նրանց միջեւ տարբերությունը կազմում էր 9 տոկոս՝ հօգուտ նախկին առաջին տիկնոջ:

Դրա հետ մեկտեղ սոցիոլոգները նշում են, որ ոչ Թրամփը, ոչ Քլինթոնը ժողովրդականություն չեն վայելում ամերիկացիների շրջանում: Այսպես, հարցման մասնակիցների 58 տոկոսը բացասական կարծիք ունի Թրամփի, 57 տոկոսը՝ Քլինթոնի վերաբերյալ:

Հարցմանը մասնակցել են 2007 գրանցված ընտրողներ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում