Հակաթուրքական ակցիա Ավստրիայում

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Եվրոպացի թուրքերի միության (UETD) ավստրիական նախագահության դիմաց երկրի իսլամացման դեմ բողոքի ակցիա է անցկացվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, «Վիենայի ինքնության շարժում» կոչված ակցիայի հարյուրավոր մասնակիցները Ավստրիայի կառավարությունից պահանջել են դադարեցնել երկրի իսլամացումը:

Ակցիայի մասնակիցները պարզել են «Հայրենասիրությունն ու ազատությունը մեր ավանդույթն են. ինտեգրացիան վերջին կանգառն է», «Եվրոպայի բաց սահմանի քաղաքականությունը մահացել է. դադարեցնել իսլամացումը» բովանդակությամբ պաստառներ:

Ակցիայի մասնակիցների անունից արված հայտարարության մեջ ասվում է, որ տարիներ շարունակ Ավստրիայի քաղաքական գործիչները, մամուլը, մասնագետները, հոգեւոր հայրերը պրոպագանդել են այլազգիների` հատկապես մահմեդականների ինտեգրացումը, սակայն այժմ իրենք կանգնել են սեփական մշակույթն ու կրոնը կորցնելու առաջ:

Նշելով, որ այն միգրանտները, որոնք չեն ցանկանում համապատասխանել եւ հարգել Ավստրիայի օրենքներն ու արժեքները, պետք է հեռանան երկրից, ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չեն ցանկանում երկրում մուսուլմանական որջեր, մզկիթներ եւ կազմակերպություններ:

Հայտարարության հրապարակումից հետո ակցիայի մասնակիցները «Միգրանտներին բարի ճանապարհ», «Ինտեգրացիան սուտ է» եւ «Վիենա-Ստամբուլ հետադարձ` միակողմանի ավիատոմս» բովանդակությամբ պաստառներ են պարզել:

UETD-ի նախագահ Մարտին Սելլերը թուրքական լրատվական գործակալության թղթակցին ասել է, որ իրենք դեմ են Ավստրիայի իսլամացմանը:

«Մենք դեմ չենք թուրքերին կամ իսլամին, այլ դեմ ենք Ավստրիայի իսլամացմանը», -ասել է նա եւ ընդգծել, որ յուրաքանչյուր ազգ իրավունք ունի պաշտպանել սեփական մշակույթն ու կրոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում