Սարի թաղում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Երևան քաղաքի Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում երկու անձանց ևս մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Քաղաքացիներ Ա. Տ.-ին և Ֆ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-իգիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջիններիս նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց:

Հիշեցնենք, որ նույն քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 6 անձանց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում