Ուզբեկստանի նախագահն ուղեղի արյան զեղում է տարել եւ վերակենդանացման բաժանմունքում է

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը ուղեղի արյան զեղում է տարել, նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է պետության ղեկավարի դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաեւան իր Instagram-ում:

«Ուղեղի արյան զեղման պատճառով, որը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի առավոտյան, նա հոսպիտալացվել է եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը գնահատվում է կայուն»,- գրում է Քարիմովա-Տիլյաեւան:

Նրա խոսքով՝ «ներկա պահին դեռ վաղ է որեւէ կանխատեսում անել նրա ապագա վիճակի վերաբերյալ»:

Ավելի վաղ տարածվել է Ուզբեկստանի կառավարության պաշտոնական հայտարարությունը, որում ասված է, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը գտնվում է հիվանդանոցում: «Մասնագետների կարծիքով՝ ամբողջական բժշկական հետազոտությունը եւ հետագա բուժումը որոշակի ժամանակ կպահանջի»,- նշվում է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ:

Իսլամ Քարիմովն Ուզբեկստանը գլխավորել է 1989 թվականին՝ զբաղեցնելով Ուզբեկստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը: Նա երկրի նախագահ է ընտրվել 1990 թվականի մարտի 24-ին Ուզբեկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի նստաշրջանում:

Ավելի ուշ նա հաղթանակ է տարել 1991 թվականի համաժողովրդական ընտրություններում եւ այն ժամանակվանից անփոփոխ կերպով զբաղեցնում է նախագահի պաշտոնը: 2002 թվականի փետրվարի 27-ին կայացած հանրաքվեի ընթացքում որոշում է ընդունվել նախագահի լիազորությունների ժամկետը 5-ից երկարացնել մինչեւ 7 տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում