Չավուշօղլուն Գերմանիայի կառավարությունից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից. Reuters

Պաշտոնական Անկարան գերմանացի պատգամավորներին թույլ կտա մուտք գործել Ինջիրլիքի ռազմաբազա այն դեպքում, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Անդրադառնալով գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա թույլ տալու հարցին` Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Դա կախված է Գերմանիայի կողմից ձեռնարկվելիք քայլերից: Եթե նրանք անհրաժեշտ քայլերի դիմեն, ապա մենք հնարավոր կդարձնենք այցը: Սակայն, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նրանք, ովքեր միջամտում են և մանիպուլացնում են մեր պատմությունն անարդար ձևով, այց կատարելու թույլտվություն չեն ստանա»: Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ Չավուշօղլուի նախանշած «անհրաժեշտ քայլերը» ենթադրում են, որ Գերմանիայի կառավարությունը հեռացնի իրեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից և հստակեցնի, որ կառավարությունը չի աջակցում դրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում