ԿԸՀ-ն չեղյալ է համարել մատնահետքերով գրանցման էլեկտրոնային համակարգի վերաբերյալ ԸՕ-ում փոփոխությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում չեղյալ է համարել Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները, որոնք սարքավորումներ ձեռք բերելու համար անհրաժեշտ ֆինանսներ գտնելու և ժամկետների մեջ տեղավորվելու պայմանով, ընդունել էր Ազգային ժողովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, համաձայն օրենքի նախագծի, պետք է մինչև 2016թ. սեպտեմբերի 1-ը հանդես գար հայտարարությամբ, որ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են և առկա են բոլոր տեխնիկական հնարավորություններն ու ծրագրային ապահովում իրականացնող նույնականացման քարտեր ձեռք բերելու համար նախադրյալները: Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվում էր , որ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը ԿԸՀ-ի կողմից համապատասխան որոշումը չընդունվելու դեպքում օրենքը չեղյալ է համարվում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արտահերթ նիստի ընթացքում տեղեկացրեց, որ իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գրավոր հարցմամբ դիմել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, որից ստացվել է պատասխան այն մասին, որ համապատասխան տեխնիկական միջոցներն առկա չեն:

Մուկուչյանն ընթերցեց Դավիթ Հարությունյանի պատասխանը, որում ներկայացված էին այն քայլերը, որոնք անցած ամիսների ընթացքում ձեռնարկել է կառավարությունը ընտրական գործընթացի՝ օրենքում սահմանված պայմանները ապահովելու համար:

«Բոլոր միջոցառումների իրականացումը անխուսափելիորեն պահանջում է ոչ պակաս, քան մի քանի ամիսների աշխատանք, ինչը տվյալ դեպքում բացառում է օրենքով սահմանված ժամկետում նշված գործընթացների մեկնարկը սեպտեմբերի 1-ին: Տեխնիկական հնարավորությունների ուսումնասիրման ընթացքում բանակցությունները վարվել են ներկայումս ՀՀ անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրության և կենսաչափական տվյալների հավաքագրման տվյալների էլեկտրոնային պահոցի ծրագրային ապահովման ծրագիրը մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը սպասարկող և տվյալ ոլորտում մասնագիտացված լեհական PWPW ընկերության հետ: Այդ նպատակով օրենքի ընդունմանը զուգահեռ 2016-ի հուլիսի 7-ին լեհական ընկերությանը խնդրագիր է ներկայացվել գնահատելու ներկայումս գործող համակարգի թողունակության բարձրացման, ինչպես նաև 10 մատնահետքի հավաքագրման հնարավորությունը:

Խնդրի ուսումնասիրության արդյունքում լեհական PWP ընկերությունը 2016-ի հուլիսի 8-ին պատասխանել է, որ ծանուցել է առ այն, որ ներկայացված տարբերակով պահանջները բավարարելու հնարավոր ժամկետ է գնահատվում 2016 թվականի ավարտը, սակայն պայմանով, որ ծառայությունների մատուցման պայմանագիրը պետք է կնքվի հնարավորինս սեղմ ժամկետում:

«Նախնական կարծիք է հայտնվել առ այն, որ 10 մատնահետքի փոխարեն, երկու մատնահետք հավաքագրելու դեպքում, ներկայացված պահանջները կարող են իրականացվել ավելի կարճ ժամկետում: Մեր կողմից կատարված լրացուցիչ քննարկումների արդյուն քում 2016 թվականի հուլիսի 18-ին լեհական ընկերությանը ևս մեկ խնդրագիր է ներկայացվել գնահատելու նաև այդ այլընտրանքային երկու մատնահետքի կիրառմամբ համակարգն արդիականացնելու տեխնիկական հնարավորությունը: Արդյունքում նույնիսկ այդ պարագայում տվյալ կազմակերպությունն անհնարին է համարել նշված գործընթացների իրականացման մեկնարկը օրենքով սահմանված 2016 թվականի սեպտեմբերի 1-ից իրագործելը, ինչի մասին ընկերությունը պաշտոնապես ծանուցել է 2016-ի օգոստոսի 4-ի գրությամբ:

Ըստ նշված ընկերության գնահատականի` հաշվի առնելով խնդրի բարդությունը, պահանջվող աշխատանքները հնարավոր չէ իրականացնել սահմանված ժամկետներում, իսկ առավել իրատեսական ժամկետը, որը կպահանջվի դրանց իրագործման համար, կկազմի մոտ 4 ամիս»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը հավելեց, որ օրենքի անցումային դրույթներում նախատեսված էր, որ գործընթացի մեկնարկը պետք է տրվեր 2016-ի սեպտեմբերի 1-ից, բայց ակնհայտ է, որ սեպտեմբերի 1-ից նոր եղանակով գործընթացների մեկնարկ ուղղակիորեն տրվել չի կարող: Նրա խոսքով՝ այս պայմաններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող համարել, որ ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշմամբ նախատեսված գործառույթները կատարված են այն ծավալով, որ հնարավորություն կտար ընդունել համապատասխան որոշում, ԿԸՀ-ն նման փաստական հանգամանքների առկայութ յամբ ուղղակի անկարող է ընդունել որոշում:

2016թ. հունիսի 30-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր քաղաքական համաձայնության արդյունքում ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում էր ներդնել ընտրողների մատնահետքերով գրանցման համակարգ, ինչի համար մինչ քվեարկությունը բոլոր ընտրողները պետք է նախագրանցվեն և ստանան նույնականացման քարտեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում