ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Պանկաջ Սարանի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Պանկաջ Սարանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից: Կողմերը քննարկել են ԵԱՏՄ եւ Հնդկաստանի առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՀ-ն մեծ նշանակություն է տալիս Հնդկաստանի հետ երկխոսության հաստատմանը:

«2015 սեպտեմբերին համատեղ ստեղծված հետազոտական խումբը պետք է զեկույց ներկայացնի համագործակցության ուղղությունների վերաբերյալ, որոնք շահավետ կլինեն բոլոր մասնակիցների համար»,– ասել է Տիգրան Սարգսյանը:

Իր հերթին Պանկաջ Սարանն ընդգծել է, որ Հնդկաստանը ուշադրությամբ հետեւում է եվրասիական գոտում զարգացող գործընթացներին, որի մի մաս է ցանկանում դառնալ:

«Հնդկաստանը պատրաստ է աշխատել ԵԱՏՄ-ի հետ տարբեր ձեւաչափերում: Իմ կարծիքով` մենք պետք է ավելի լայնորեն դիտարկենք համագործակցության հնարավորությունները. այդ դեպքում ավելի հեշտ կլինի գտնել ընդհանուր հետաքրքրություններ»,– նշել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում