Ղրղզստանում ՉԺՀ-ի դեսպանատան մոտ պայթյունից մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորվել են

Մեկ մարդ է զոհվել, եւս երեքը՝ վիրավորվել Ղրղզստանում Չինաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Բիշքեկի ներքին գործերի գլխավոր վարչությունում:

Ղրղզստանի իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ օգոստոսի 30-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 10-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) անհայտ անձը Mitsubishi ավտոմոբիլով փորձել է խոյահարելով ճեղքել դեսպանատան դարպասները, ինչից հետո տեղի է ունեցել պայթյուն:

Հանցագործը մահացել է տեղում, վերքեր են ստացել դեսպանության երկու պահապան զինվորներ: «Ավտոմեքենայի սալոնում գտնվողը մահացել Է տեղում, դեսպանատան դարպասները եւ ցանկապատը վնասվել են»,- նշել են միլիցիայի քաղաքային բաժնում:

Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռահաթ Սուլայմանովը ՏԱՍՍ-ին հայտարարել է, որ տեղում աշխատում են օպերատիվ-քննչական խմբերը: Չինացի դիվանագետների թվում տուժածներ չկան:

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունն այնպիսի ուժի է եղել, որ այն լսել են Բիշքեկի գրեթե բոլոր շրջանների բնակիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում