Ինձնից ոչինչ չեն գողացել. Արմեն Աշոտյանը հերքում է

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերքում է «Ժողովուրդ» օրաթերթերի այսօրվա հրապարակումը, թե իր վրա Բելգիայի Լյուվեն քաղաքի հյուրանոցի մոտ հարձակում կատարածներին Բելգիայի ոստիկանությունը բացահայտել է և դրանք շարքային կողոպտիչներ են եղել, որոնք ցանկացել են նրան թալանել:

«Ինձանից ոչինչ չեն գողացել և հետաքննությունը դեռ շարունակվում է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել, քանի որ, ըստ նրա, հետաքննությունը դեռ շարունակվում է:

Նշենք, որ Արմեն Աշոտյանը, այսօր Facebook-ի իր էջում անդրադառնալով նշյալ հրապարակմանը, գրել էր. «Լրատվական օրը սկսեց իմ անձի մասին ապատեղեկատվություն գրելու մեջ մասնագիտացած թերթերից մեկի կողմից հրապարակված հերթական լավ ընթերցվող, ականջներ ունեցող, սակայն իրականությանը չհամապատասխանող շարադրությամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում