Շտայնմայերը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հրաժարվելու մասին Թուրքիայի պահանջը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստորեն արձագանքել է Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Deutsche Welle-ն, Շտայնմայերը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի արգելել գերմանացի օրենսդիրների մուտքը ռազմաբազա, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորները հետ կքաշվեն այնտեղից:

«Քանի որ Ինջիրլիքում օտարերկրյա զինվորական առաքելությունների հարցը հաստատում է դաշնային խորհրդարանը, ապա անհրաժեշտ է, որ պատգամավորները կարողանան այցելել առաքելության վայր»,- ասել է Շտայնմայերը:

Նա մերժել է Չավուշօղլուի պահանջը` Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հրաժարվելու վերաբերյալ: «Չեմ կարծում, որ դա որևէ կապ ունի խնդրի հետ և այս մասին ասել եմ իմ թուրք գործընկերոջը»,– հայտարարել է Շտայնմայերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում