Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանի հետ չի քննարկելու Եվրամիությունից դուրս գալը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավոր չէ խորհրդարանի հետ խորհրդակցել Եվրամիությունից դուրս գալու ընթացակարգի գործարկման հարցերի շուրջ, որը նախատեսված է Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ առանձին ընդդիմադիր խորհրդարանականներ հայտարարում էին խորհրդարանի կողմից այդ հարցի քննարկման անհրաժեշտության մասին: Այդ դեպքում նրանք հույսն ունեին, որ ԵՄ-ից դուրս գալու մասին որոշումը, որն ընդունվել է հունիսի 23-ի հանրաքվեի արդյունքում, կհաջողվի արգելափակել խորհրդարանի քվեարկությամբ:

«Կառավարության համար ըստ 50-րդ հոդվածի ընթացակարգը նախաձեռնելու կապակցությամբ խորհրդարանի հետ խորհրդակցելու օրենքով նախատեսված ոչ մի պարտավորություն չկա: Եվ այդ դիրքորոշումը պարզորոշ կերպով արտահայտված է»,- օգոստոսի 30-ին ասել է վարչապետի ներկայացուցիչը բրիտանացի լրագրողներին:

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում լրագրողներին հայտնել է, որ Եվրամիությունը G20-ի՝ Չինաստանի Հանչժոու քաղաքում կայանալիք գագաթնաժողովում կհայտարարի Մեծ Բրիտանիայի հետ նոր գործընկերություն հաստատելու պատրաստակամության մասին այն բանից հետո, երբ այդ երկիրը որոշեց դուրս գալ հանրակցությունից: Նրա խոսքով՝ Brexit-ն այն թեման է, որը նախեւառաջ պետք է քննարկվի ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի մակարդակով:

«G20-ի գագաթնաժողովում մենք միայն կարող ենք գործընկերներին հավաստիացնել, որ հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի նոր շրջանակներ ստեղծենք Մեծ Բրիտանիայի հետ գործընկերության համար: Մեր խնդիրն այդ ազդանշանը տալն է»,- ասել է նա: Հունիսի 23-ի հանրաքվեում բրիտանացիների մեծ մասը քվեարկել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) օգտին: Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է կատարել ժողովրդի կամքը:

2017 թվականի սկզբին պլանավորվել է բանակցություններ սկսել Լոնդոնի կողմից Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ, որը ԵՄ-ի կազմից անդամ պետության դուրս գալու մեխանիզմ է նախատեսում: Ընթացակարգը կտեւի շուրջ երկու տարի, հաղորդել է հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում