Կուբային զայրացրել է Չե Գևարայի հասցեին Թուրքիայի մեջլիսի նախագահի հայտարարությունը

Թուրքիայում Կուբայի դեսպանությունն իր դժգոհությունն է հայտնել մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանի կողմից կուբացի հեղափոխական Չե Գևարայի հասցեին հնչեցված խոսքերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի հայկական «Ակոս» պարբերականը:

Դեսպանությունից անընդունելի են անվանել Քահրամանի կողմից Չե Գևարային «ավազակ» անվանելու փաստը` նշելով. «Նման խոսքերը հարիր չեն Կուբայի և Թուրքիայի խորհրդարանների և ժողովուրդների միջև եղած եղբայրության, համագործակցության և հարգանքի ոգուն: Չե Գևարան Կուբայի, Լատինական Ամերիկայի և ողջ աշխարհի քաղաքական, պատմական և մշակութային ժառանգության մի մասն է»:

Ավելի վաղ Քահրամանն անընդունելի էր համարել «թուրք ուսանողների կրծքին «Չե Գևարայի նման ավազակի նկարով շապիկի առկայությունը»: «Այդպես չպիտի լինի: Նա ինձ հետ որևէ կապ չունի: Իմ և նրա արմատները մեկը չեն: Պատմությունը նույնը չէ: Ես իմ պատմությունն ու դերակատարներին ունեմ»,- նշել է Քահրամանը:

Դրանից հետո Թուրքիայի մեջլիսի լրատվական բաժինը հայտարարություն էր տարածել` ասելով, որ Քահրամանի խոսքերը սխալ են մեկնաբանվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում