Թուրքիայի ԵՄ անդամակցությունը կարող է հնարավոր դառնալ Էրդողանի հեռանալուց հետո. եվրահանձնակատար

Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության մասին խոսել հնարավոր կլինի այդ երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հեռանալուց հետո:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Bild հանդեսը, հայտարարել է թվային էկոնոմիկայի եւ տեղեկատվական հանրության հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգերը:

«Թուրքիայի հետ լավ հարաբերությունները նախկինի պես կարեւոր են ԵՄ համար: Թուրքիայի ԵՄ անդամակցությունը ներկա հանգամանքներում ընդհուպ մինչեւ հաջորդ տասնամյակ անիրատեսական է: Այդ մասին, ամենից շուտ, կարելի կլինի խոսել Էրդողանի հեռանալուց հետո», – գերմանական տաբլոիդին տված հարցազրույցում ասել է Էթինգերը:

Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները, որոնք սկսվել են 2005 թվականին, բազմիցս բարդացել են տարաձայնություններով, որոնք բերել են դրանց դադարեցմանը: Ներկայում բացված են Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին բանակցություններում 35 խորագրերից դեռեւս 16-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում