Իրանը Թուրքիայից պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում

Իրանի ԱԳ նախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության շարունակվելու կապակցությամբ՝ ընդգծելով այդ երկրի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը:

«Ահաբեկչության դեմ պայքարելու եւ տարածաշրջանային անվտանգության վերականգնման նպատակով ջանքեր գործադրելու խաղաղասեր ազգերի ձգտումը չի կարող հիմք լինել Սիրիայի տարածքային ամբողջականության խախտման եւ առանց Սիրիայի իշխանությունների հետ համաձայնեցման մարտական գործողություններ վարելու համար»,- օգոստոսի 30-ի երեկոյան հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին:

Նա «անընդունելի է համարել բոլոր այն գործողությունները, որոնք ստվեր են նետում Սիրիայի կառավարության քաղաքական հեղինակության վրա»:

Իրանցի դիվանագետն այն կարծիքին է, որ Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական ներկայությունը միայն բարդացնում է տարածաշրջանի իրադրությունը: «Սիրիայի հյուսիսում մարտական գործողությունների մասշտաբների ընդլայնումը կհանգեցնի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման: Անհրաժեշտ է, որ թուրքական բանակն անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայի Արաբական Հանրապետությունում»,- նշել է Գասեմին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում