Տարածքների վերադարձման խոսակցությունները խայծ են, թե՞ հիմնավոր. Բանավեճ

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ, ներկա անվտանգային բարդ իրավիճակում Արցախի իշխանությունները ճիշտ որոշում են կայացրել՝ չընտրելով կառավարման խորհրդարանական մոդելը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ լրագրողների հանդիպմանը նկատեց, որ ԼՂՀ ազգային ժողովը կընդունի սահմանադրական մի նախագիծ, որը ԼՂՀ-ի համար տնտեսական աճի հնարավորություններ կստեղծի: Իսկ այս ուղղությամբ քննարկումները  կարող են բավականին բուռն ընթանալ, որի նպատակը ԼՂ ժողովրդի անվտանգության ու  ինքնիշխանության ապահովումն է և միջազգային ճանաչումը:

Ինչ վերաբերում տարածքների հանձնման խոսակցություններին,  Գագիկ Մելիքյանն այն համարեց վտանգավոր խայծ՝ լարվածություն մտցնելու երկու հայկական պետությունների հարաբերություններում, ՀՀ ներքաղաքական կյանքում, ինչպես նաև կա հատուկ նպատակ՝  շոշափելու ժողովրդի տրամադրությունները: ՀՀԿ-ական պատգամավորն ակնարկեց, որ այս վտանգավոր խայծը կարող է և դրսից լինել՝ վստահեցնելով, որ իրականում  հողեր հանձնելու միտում ՀՀ իշխանությունները չունենմ, և հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանը Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և ավելի ուշ  ՌԴ նախագահի հետ հանդիպմանը շատ հստակ հայտարարել է՝ առաջնահերթը ԼՂՀ ժողովրդի ինքնորշման իրավունքի իրացման և  ԼՂ անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման հարցերն են:

«Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը միշտ բարձրացրել է տարածքների վերադարձի հարց, բայց արյունով վերցված տարածքները չեն վերադարձվում: Դրանք մեր՝ ԼՂՀ անվտանգության տարածքներն են, հանդիսանում  են ԼՂՀ տարածքային ամբողջականության մաս, որևէ մեկը չի պատրաստվում մի սանտիմետր հող վերադարձնել: Փոխզիջման մասին խոսք գնում է, առանց դրա բանակցային գործընթաց չի լինում: Փոխզիջումները կարող են լինել տարբեր, բայց առայժմ մենք Ադրբեջանի կողմից որևէ փոխզիջման մասին առաջարկություն չունենք»:

Լարիսա Ալավերդյանը հակադարձեց՝ բանակցային սեղանին դրված փաստաթղթերում բոլորովին այլ բանի մասին է խոսվում, այնտեղ ոչ մի խոսք չկա Գետաշենի, Շահումյանի, Մարտունաշենի մասին: Ավելին, մեկ շաբաթ առաջ Եվրախորհրդարանը մի փաստաթուղթ է ընդունել, որում հորդոր կա, որ բոլոր պետությունները պետք է ճանաչվեն նույն սահմաններում, ինչպես եղել են նախկին միավորումներում՝ ԽՍՀՄ-ում:

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ շրջանառության մեջ են մտցվել այնպիսի բանաձևեր, որոնք Արցախի խնդիրը դարձրել են վիճահարույց: Այսինքն՝ Արցախն ինքնորոշվել է Ադրբեջանի կազմում»,-շեշտեց նա՝ հիշեցնելով, որ բիշքեկյան փաստաթղթում ասվում է, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն ԼՂՀ հարակից տարածքներից, սրանից հետո եղան Կազանի, Մադրիդյան փաստաթղթերը: Ըստ այդմ՝ տարածքների վերադարձման խոսակցությունները խայծ չեն և անհիմն:

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում