ԲՀԿ-ն առաջիկա ՏԻՄ ընտրություններում թեկնածուներ է առաջադրել 87 համայնքներում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ակտիվ մասնակցություն է ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ԲՀԿ-ն թեկնածուներ է առաջադրել 87 համայնքներում: «Թեկնածուներ ենք առաջադրել նաև Գյում րիում և Վանաձորում: Մենք մասնակցելու ենք մեր կուսակիցներին առաջադրելու և նրանց թեկնածությունը պաշտպանելու, ինչպես նաև այլ թեկնածուներին սատարելու եղանակով: Ի սկզբանե ցանկանում եմ հայտարարել, որ ՏԻՄ ընտրություններում մենք Հանրապետական կուսակցության թեկնածուներին չենք սատարելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Էնֆիաջյանը:

Պատգամավորը ԲՀԿ-ի շանսերն առաջիկա ՏԻՄ ընտրություններում բարձր է գնահատում: «Մենք, մտնելով այս գործընթացների մեջ, շատ լավ հասկանում ենք, որ մեր կողմից առաջադրած թեկնածուները տվյալ քաղաքներում կամ համայնքներում հարգանք վայելող անձինք են, նրանց հետ բավականին մեծ հույսեր են կապում: Թե ինչպիսին կլինեն արդյունքները, կերևա ընտրություններից հետո, այս պահին կանխատեսումներ չեմ անի»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

Դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շատ ակտիվ է և հայտարարում է, որ Վանաձորում իրենք արդեն հաղթել են, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում առանձնացնել որևէ քաղաքական ուժի: Ես ինքս քաղաքական ուժ եմ ներկայացնում և կներկայացնեմ միայն իմ քաղաքական ուժի մոտեցումները: Իրականում ով ինչ հավակնություններ ունի, կերևա ընտրություններից հետո»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում