Եվրասիական փորձագիտական ակումբը սատարում է տնտեսությունում կառավարության մասնաբաժնի մեծացման ձգտումը

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը օգտավետ է` չնայած ծավալված բարդ գլոբալ ու տարածաշրջանային զարգացումներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով` Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման տվյալների մեջ երկու ցուցանիշ է գրավել փորձագիտական ակումբի ուշադրությունը:

«Առաջինը` ԵԱՏՄ անդամակցության պայմաններում Հայաստանից արտահանման աճի միտումներն են, որոնք կարող են շարունակական լինել: ՀՀ կառավարությունը 2015-ին կատարել է որոշակի քայլեր, որոնք նպաստել են արտահանման ծավալների աճին ու դրա արդյունքը երևացել է 2016-ի առաջին ամիսներին: Երկրորդը` արդյունաբերության ծավալների աճն է, որը ևս զարգացման միտում ունի, եթե դրա նկատմամբ լինի պետության` մասնավորապես, կառավարության շարունակական ուշադրությունը»,-ասաց Արամ Սաֆարյանը:

Նա հայտարարեց, որ Եվրասիական փորձագիտական ակումբը սատարում է ՀՀ կառավարության քայլերն այն ուղղությամբ, որ տնտեսության մեջ կառավարության ու պետության մասնակցության մասնաբաժինը մեծանա:

«Պետության մասնակցությունն այս պայմաններում միակ հնարավորությունն է ներգրավելու արտաքին, մասնավոր ու պետական նեդրումներ Հայաստանում արդյունաբերական որոշ ճյուղերի վերագործարկման ու գործարկման նպատակով: Մենք նաև համամիտ ենք, որ գազի, նավթի գները ԵԱՏՄ-ում օր առաջ պետք է անցնեն ազգային տարադրամով` ռուսական ռուբլով և հայկական դրամով վճարվելուն»,-նշեց բանախոսը` հավելելով, որ դրա արդյունքում Հայաստանի տնտեսությունը էապես իր ստարտային հնարավորությունները կմեծացնի: Արամ Սաֆարյանն անհրաժեշտ համարեց Հայաստանի տնտեսական գրավչության բարձրացման ուղղությամբ քայլերի կատարումը` այդ համատեքստում կարևորելով Մեղրիի ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարի իրականացումը:

Արամ Սաֆարյանը տեղեկացրեց նաև, որ դեկտեմբերի վերջին տեղի կունենա Եվրասիական փորձագիտական ակումբի 4-րդ տարեկան նիստը, որտեղ քննարկելու են Հայաստանի քաղաքական, սոցիալական ու տնտեսական պակերը ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում