Արմեն Մուրադյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել մարզաբնակ զինհաշմանդամների հարցերը

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերի առողջապահական խնդիրները, ըստ ոլորտների ներկայացվեցին հիմնական ցուցանիշները: Մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանգամանալից անդրադարձ կատարվեց առկաբացթողումներին , ինչպես նաև առաջարկվեցին լուծմանն ուղղված անհրաժեշտ համատեղ քայլեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Քննարկվեցին ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, բուժանձնակազմերի մասնագիտական կարողությունների զարգացմանը վերաբերող, ինչպես նաև մի շարք հարցեր: Կարևորվեց ծննդօգնության ծառայության, ինչպես նաև համայնք առ համայքն կանխարգելիչ պատվաստումների, սկրինինգային ծրագրերի կատարողականի բարելավման անհրաժեշտությունը:

Առանձնակի շեշտադրվեցին զինվորական հաշմանդամություն ունեցող մարզաբնակ անձանց առողջապահական հարցերի լուծմանն ուղղված աշխատանքները: Նշվեց, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի օգոստոսին մարզեր կատարած այցերի ընթացքում վեր են հանվել զինվորական հաշմանդամների բուժօգնության կազմակերպման մի շարք խնդիրներ,որոնք պահանջում են համակարգային լուծումներ: Կատարված աշխատանքների ընթացքի մասին մարզերի առողջապահության պատասխանատուները զեկուցեցին նախարարին:

Հանձնարարվեց ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամ զինծառայողների առողջապահական հարցերը` պարբերաբար կազմակերպելով նեղ մասնագետների այցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում