Տնտեսագետներն առաջարկում են Հայաստանում վերստեղծել Արդյունաբերության նախարարություն

Եվրասիական փորձագիտական ակումբն առաջարկում է վերստեղծել Արդյունաբերության նախարարություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ակումբի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Թևիկյանը: Նա ներկայացրեց այլ առաջարկներ ևս, որոնք ակումբի դիրքորոշումն են Հայաստանի տնտեսության հետագա զարգացման առնչությամբ: «Հայաստանի ազգային առաջնահերթություններ պետք է լինեն գիտության վերածնունդը և տեխնոլոգիական արտադրանքի վերականգնումը, ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումն ու շարունակական զարգացումը: Պետք է կարողանանք անցում կատարել զարգացման արդիական մոդելին: Դա կատարելու համար Հայաստանում պետք է ստեղծվի մի միություն, որն իր վրա կվերցնի զարգացման արդիական մոդելի մշակումը` ներկայացնելով դրա իրականացման պլանը»,-ասաց տնտեսագետը: Նրա խոսքով` այդ միությունն ու կառավարությունը պետք է կատարեն համատեղ աշխատանք ցանկալի արդյունքի հասնելու համար:

Տնտեսագետի դիտարկմամբ` Հայաստանի համար նման նպատակներ իրացնելու տեսանկյունից լավ հիմք է Եվրասիական տնտեսական միությունը:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին` միանալ Ռուսաստանի ներմուծման փոխարինման ծրագրին և սարքավորումներ արտադրել ավելի քան 25 ճյուղերի համար` Աշոտ Թևիկյանը նկատեց. «Հայաստանի համար այդ նախագծերում առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում այն ոլորտները, որոնք կապված են բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ռազմարդյունաբերական համալիրի հետ»:

Նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համար բացվում են իրական հնարավորություններ` լուծելու գործազրկության և պատշաճ աշխատավարձ տրամադրելու հարցրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում