Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն օգոստոսի 30-ին հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանն ի պահ հանձնեց «Ահաբեկչության կանխարգելման մասին» ԵԽ կոնվենցիայի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող 15-րդ արձանագրության ՀՀ վավերագրերը։

Համապատասխան արձանագրությունների ստորագրումից հետո տեղի ունեցավ առանձնազրույց, որի ընթացքում կողմերն անդրադարձան ԵԽ օրակարգային հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին։

Քննարկվեց Հայաստան-ԵԽ 2015-18թթ. գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, որի մեկնարկը ազդարարվել էր ՀՀ ԱԳ նախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ մասնակցությամբ ս.թ. մայիսի 21-ին` Երևանում կայացած միջոցառմանը։

Կողմերը վերահաստատեցին իրենց փոխադարձ հանձնառությունը շարունակելու գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված ջանքերը, որի նպատակն է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում Հայաստանում ընթացող շարունակական բարեփոխումներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում