Քննարկվել է ՀՀ-ի և Գերմանիայի միջև օդային հաղորդակցությունների շահագործման հարցը

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետություն ժամանած Germania ավիաընկերության եկամուտների կառավարման և երթուղիների ցանցի զարգացման տնօրեն Քլաուս Ալետենբուրգին և ավիաընկերության վաճառքի մենեջեր Ֆլորիան Ստահլին:

Սերգեյ Ավետիսյանն ավիաընկերության ներկայացուցիչներին ներկայացրեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի առանձնահատկությունները, ինչպես նաև՝ դեպի Եվրոպա, մասնավորապես՝ Գերմանիա, արդյունավետ ուղևորափոխադրումների իրականացման համար անհրաժեշտ տվյալները:

Հանդիպման շրջանակներում քննարկվեցին ավիաընկերության կողմից հայկական շուկայի սպասարկման հնարավորությունները և դրան նպաստող առաջիկա գործողությունների ծրագիրը:

Գերմանական պատվիրակությունն իր հերթին ներկայացրեց ավիաընկերության կողմից սպասարկվող երթուղիների աշխարհագրությունը՝ նշելով, որ դեպի ՀՀ չվերթների իրականացման հնարավորությունը գտնվում է առաջիկա ծրագրերի շրջանակներում:

Հանդիպման ավարտին Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ ՀՀ և Գերմանիայի միջև օդային հաղորդակցությունների շահագործումը կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև՝ կխթանի առևտրային և տնտեսական կապերի ընդլայնմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում