Որպեսզի կինոն նաև ազգային խնդիր լուծի…

Հայկական կինոյի աշխարհում այս օրերին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Սեպտեմբերի 3֊ին Հայաստանի ազգային կինոակադեմիան կորոշի, թե ինչ ֆիլմով է մեր երկիրը ներկայանալու 89֊րդ «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Թեկնածուները երեքն են՝ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով»-ը և Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»-ը:

Բնական է, սպասումները շատ են։ «Օսկար» մրցանակաբաշխությունը համաշխարհային կինոյի կարևորագույն իրադարձությունն է, և հարկ է, որպեսզի մեր երկիրն ու այն ֆիլմը, որը կմրցի Օսկարի համար, իսկապես ասելիք ունենա, իմաստավորված լինի, աշխարհին լավագույնս ներկայացնի Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, դրանք հաղթահարելու մեր տեսլականը, նպատականերն ու ձգտումները։ Պետք է լինի այնպիսի ֆիլմ, որը գեղարվեստական արժեքից զատ նաև ազգային-քաղաքական խնդիր լուծի։ Ցույց տա աշխարհին այն իրականությունը, որտեղ ապրում և զարգանում է հայ մարդը։ Այլ խոսքերով ասած՝ «Օսկար» մրցանակաբաշխությանը պետք է լինի «Վերջին բնակիչ»-ը։ Հենց սա է այն ֆիլմը, որն իր մեջ ներառել է վերոնշյալ որակական բոլոր հատկությունները։

Ֆիլմն առաջին անգամ էկրան է բարձրացվել այս տարի տեղի ունեցած «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում։ Արձագանքները շատ են ու բազմապիսի։ Ակնհայտ է, որ այն, ինչպես նաև Ջիվան Ավետիսյանի նկարած նախորդ ֆիլմը՝ «Թևանիկը», նոր խոսք է ասում կինեմատոգրաֆիայի ոլորտում։ Ֆիլմը հայ մարդու պատմություն։ Գյուղի բնակչի, ով չի ցանկանում լքել իր հայրենի օջախը, ուզում է այն շեն պահել, ընտանեկան երջանկություն վերագտնել, բայց այդ ճանապարհին բախվում բազում դժվարությունների։ Ադրբեջանա֊հայկական հակամարտության նախապատերազմյան փուլն իր հերթին նոր դժվարություններ է առաջացնում նրա համար, որից հետո պարզ է դառնում, որ միայնակ մարդու ջանքերը բավարար չեն հասարակության խոր շերտերում էփվող խնդիրները լուծելու համար։ Արդյունքում վերջին բնակիչը կորցնում է ամեն ինչ, բացի Մարդ կոչվելու իրավունքից։ Բայց նաև երկընտրանքի առջև է կանգնեցնում հանդիսատեսին՝ ստիպելով մտածել արված գործերի և սպասվող ապագայի մասին։ Վերջին բնակիչը, ինչպես նաև ֆիլմի այլ հերոսներ, դեպքերի զարգացումը հասցնում են գոյաբանական այնպիսի վիճակի, որից հետո ամեն ինչ հանգում է հանդիսատեսի որոշումներին։ Կլինի՞ պատերազմ, թե՞ խաղաղություն։ Կլինե՞ն նոր զոհեր, թե՞ ոչ։ Ինչպե՞ս կշարունակեն մարդիկ կառուցել իրենց ապագան։ Ահա այն հարցերը, որոնք թողնվում են հանդիսատեսին, նրա մտածողությանն ու աշխարհընկալմանը։

Լինելով պարզ մարդկային պատմություն՝ «Վերջին բնակիչ» ֆիլմը, ըստ էության, հանրային և ազգային խնդիրների մի ողջ բույլ է բացահայտում։ Խորքում ֆիլմը հայ֊ադրբեջանական հակամարտության պատմությունն է։ Դրա ազդեցությունը երկու ժողովուրդների և շրջակա միջավայրի վրա։ Եվ այս առումով խիստ կարևոր է, որպեսզի նման լուծումներով աշխատանքը դուրս գա համաշխարհային բեմ։ Այնտեղ, որտեղ ձևավորվում է միջազգային հանրության մտածելակերպն ու արժեհամակարգը։ Այնտեղ, որտեղ ֆիլմը կարող է հարց լուծել ժողովրդի ու պետության համար։

Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում