Արհեստական խոսակցությունների հետքերով…

Չնայած Ռիոյի ամառային 31-րդ օլիմպիական խաղերն այլևս անցյալում են, բայց Հայաստանում դրա արձագանքները դեռևս լսելի են:

Ավա՜ղ, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստ է, որ հաճախ են հնչում արհեստականորեն ծնունդ առած հարցադրումներ, որոնց բուն իմաստն, անկեղծ ասած, այնքան էլ մինչև վերջ հասկանալի չէ:

Մանսավորապես՝ խոսքը վերաբերում է վերջին օլիմպիական խաղերում արծաթե մեդալի արժանացած Գոռ Մինասյանի սոցիալական վիճակին, երբ միանգամայն արհեստականորեն փորձ է կատարվում առիթը բաց չթողնելու՝ խոսելու ու, միգուցե նաև, ավելորդ անգամ արծարծելու թեման:

Ինչպես Գագիկ Ծառուկյանն է իր վերջին հարցազրույցում նկատել, և, որին ոչ մի կերպ չես կարող չհամաձայնվել, որևիցե մեկը չի կարող ցանկալի համարել սոցիալական այն վիճակը, որում ներկայումս գտնվում են մեր ժողովրդի որոշ փառահեղ զավակներ, ինչն, անկասկած, պայմանավորված է երկրում տիրող ընդհանուր ծանր սոցիալ-տնտեսական վիճակով:

Իսկ ասվածում համոզվելու համար անհարժեշտ է, պարզապես, դիտարկել մեր որոշ մտավորականների համեստ կենցաղը, որպեսզի պարզ դառնա, որ խնդիրն այդ համատարած է, երբեմն՝ համակարգային. Գոռը միակը չէ Հանրապետությունում, ով ապրում է ոչ այնքան բարվոք պայմաններում: Բայց այդ հանգամանքում հարկավոր է տեսնել մեկ այլ, շատ ավելի խոսուն ու կարևոր երևույթ. փաստը, որ անգամ սոցիալական ոչ այնքան լավ պայմաններում գտնվող անձն ընդունակ է հարյուր տոկոսով արդարացնել այն սպասելիքները, որոնք իրենից ակնկալվում են մի ողջ ժողովրդի կողմից, արդեն իսկ խոսում է այն մասին, որ մարդու օգտակար գործողության գործակիցն ամենևին էլ կախված չէ նրա սոցիալական վիճակից:

Նույնիսկ համաշխարհային պրակտիկան է աներկբայորեն փաստում ասվածի ճշմարտացիությունը. բավական է, ասենք, մտաբերել համաշխարհային մտքի գիգանտներից Ժան-Ժակ Ռուսսոյի օրինակը, երբ մարդը, ապրելով աղքատության մեջ, հասցրեց հավերժացնել իր անունն այնպես, որ ասոցացվեց մի ողջ դարաշրջանի հետ: Դե իսկ հայ մեծերի մասին խոսելն իսկ ավելորդ է. այս աստղաբույլում դժվար կարելի է գտնել նույնիսկ մի քանի հոգու, որոնք իրենց կյանքն ապրել են անսահման բարեկեցության մեջ:

Այս ողջ պատմության մեջ, սակայն, ամենահետաքրքրականն այն է, որ այդպես էլ մինչև վերջ պարզ չի դառնում՝ որտեղից են գալիս այդ խոսակցությունները և որոնք են դրանք ասպարեզ նետած ուժերի բուն նպատակները:

Մի՞թե, այնուամենայնիվ, փոխչեմպիոնին վարկաբեկելը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ
Lurer.com

Հետևեք մեզ նաև Telegram-ում