Քի Ուեսթում մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը, «մադրիդյան համաձայնագրի» դեպքում՝ երբեք. Ռ. Քոչարյան

«ԼՂՀ անկախությունը և Հայաստանի հետ ընդհանուր սահմանի առկայությունը չեն կարող սակարկության առարկա լինել: Ընդ որում, ապրիլյան պատերազմը պետք է կարծրացնի մեր մոտեցումները կարգավորմանը»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը`  ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Միաժամանակ Քոչարյանը խոստովանել է՝ Քի Ուեսթում մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը, որը դարձյալ Ադրբեջանի պատճառով է ձախողվել. «Իմ նախագահության 10 տարիների ընթացքում միայն մեկ անգամ՝ Քի Ուեսթում, մենք իրականորեն մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանի հրաժարման պատճառով՝ փաստորեն հենց ստորագրման արարողության ժամանակ: Դա փաթեթային և համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին և ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաև անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում»:

Խոսելով մադրիդյան սկզբունքներից ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ դրանք միայն մասամբ էին ընդունելի հայկական կողմի համար,  քանի որ ճանաչում էին ԼՂՀ ինքնորոշման իրավունքը. «Բայց դա ոչ թե ստորագրման համար նախատեսված փաստաթուղթ էր, այլ սկզբունքներ էին, որոնք, միջնորդների կարծիքով, պետք է հիմք հանդիսանային ապագա համաձայնագրի համար: Այդ սկզբունքների հիման վրա միջնորդները փորձեցին կարգավորման համաձայնագիր ստեղծել, սակայն, այդ համաձայնագիրը երբեք ստորագրմանը մոտ չի եղել»: Այսօր սակայն, ըստ նրա, «մադրիդյան սկզբունքներն» իրենց նախկին տեսքով արդեն չեն համապատասխանում նոր իրողություններին և վերանայման կարիք ունեն.«Առաջին հերթին՝ անվտանգության երաշխիքների ուժեղացման համատեքստում, հանրաքվեի ժամկետների ճշգրտմամբ և դրա կապակցմամբ՝ տարածքների վերադարձի հետ: Օրինակ, համաձայնագրի անբաժանելի մաս կարող են դառնալ. ռազմական բալանսի վերականգնումը, կողմերի և միջազգային հանրության կոշտ և վերահսկվող պարտավորությունները այդ բալանսի պահպանման մասով առնվազն 25 տարի ժամկետով»:

Խոսելով «Սասնա ծռեր»-ի գործողություններից, Քոչարյանը նկատել է՝  ռադիկալ դրսևորումներ կարող են լինել ցանկացած, նույնիսկ ամենաբարեկեցիկ և ժողովրդավարական երկրներում՝ հավելելով. «Այսպիսի երևույթը հնարավոր չէ արհամարել և դրա հետ պետք է ինչ-որ բան անել, հակառակ դեպքում երկիրը ապրելու է ասես վառոդի տակառի վրա: Պետք են արմատական ռեֆորմներ, մարդիկ պետք է քաղաքական մրցակցություն տեսնեն երկրում և փոփոխությունների հնարավորություն՝ լեգիտիմ ընտրական գործընթացի, այլ ոչ թե պետական հիմնարկներ գրավելու և պատանդներ վերցնելու միջոցով»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում