ՌԴ-ին դուր չի գալիս ԼՂ հարցում իր արտաքին քաղաքականության դեմ «արշավը». պատասխանել «պերսոնա նոն-գրադա»-ով

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի իշխանությունները երկրից արտաքսել են ՀՀ քաղաքացի, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին՝ թույլ չտալով նրան դուրս գալ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարածքից: Ավելի ուշ իր հայտարարության մեջ Գրիգորյանը տեղեկացրեց, թե օգոստոսի 30-ին առավոտյան ժամը 8-ին ժամանել է «Շերեմետևո», որտեղից  պետք է ուղևորվեր ՌԴ մայրաքաղաք՝ այցելելու հոր շիրիմին, սակայն օդակայանում նրան ռուս սահմանապահները կանգեցրել են՝ տեղեկացնելով, որ Գրիգորյանի մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը:

Լրագրողների հետ հանդիպմանը վերլուծաբանը հայտնեց, որ իրեն ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության «Ելքի և մուտքի կարգի վերաբերյալ» օրենքը, որն անդրադառնում է օտարերկրացիների՝ քրեական և այլ կարգի խախտումներ պարունակող գործողություններին, որն իր հետ առնչություն չունի, քանի որ չի եղել տվյալ երկրում: 

Իր դեպքում էական է եղել միայն օրենքի այն կետը, որը վերաբերում է այն օտարերկրացիների արտաքսմանը, որոնք համագործակցում են Ռուսատանում անցանկալի համարվող միջազգային կազմակերպությունների հետ:

«Ես միայն ինձ վերաբերող մեկ կետ գտա` դա 9-րդ կետն է, որը մտցվել է անցած տարվա մայիսի 23-ին և ակնհայտ քաղաքական բնույթ է կրում, ըստ որի՝ այն օտարերկրացիները, որոնք աշխատում են կամ համագործակցում տարբեր միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ, այդ մարդկանց առջև կարող է փակվել Ռուսաստան մուտքը, եթե այդ կազմակերպություններն անցանկալի են երկրի համար», -ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ եթե այդ արգելքը լիներ 3-5 տարով, ապա այն կդիտվեր որպես պրոֆիլակտիկ քայլ, ինչ-որ տեղ կհասկանար, բայց այն մինչև  2030 թվականն է, ինչը վկայում է՝ այն ճնշում  է ՀՀ-ի և հայաստանյան քաղաքացիական հասարակության վրա:

Անդրադառնալով Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքին,  Գրիգորյանը նշեց, որ նախարարությունն արագ արձագանքել է և ընտանիքին տեղեկացրել իր գտնվելու  վայրի մասին: Ռուսաստանի կողմից արձագանք սակայն չի լսել, միայն հայկական մամուլում կարդացել է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցներն ասել են, թե արտաքսման վերաբերյալ որևէ տեղեկության չեն տիրապետում, ինչի հետ վերլուծաբանը համաձայն չէ, ավելին սահմանապահները շատ հստակ ասել են, որ «դեպորտ են անում»:

Ստեփան Գրիգորյանը հետագա իր անելիքների շուրջ խորհրդակցել է մի քանի իրավապաշտպանի հետ՝ Սաքունց, Լևոն Բարսեղյան, նրան է զանգահարել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ես իմ իրավունքները կպաշտպանեմ, այդ թվում՝ միջազգային կառույցներում»:

Միաժամանակ, փորձագետը ՀՀ իշխանություններին առաջարկում է՝ 1. եթե ՌԴ-ից պատասխան չլինի կամ լինի ոչ համարժեք, գործել փոխադարձության սկզբունքով` մեկ հայտնի ռուս գործչի  «անցանկալի անձ» հայտարարել և արգելել նրա մուտքը Հայաստան, մանավանդ, ՌԴ-ում այսօր շատ են Հայաստանի դեմ խոսող կամ հակահայկական կեցվածքով գործիչները, 2.  ճշտել՝ կա՞ն  ՌԴ-ում «սև» ցուցակներ, որ նման երևույթներ չկրկնվեն և մարդիկ իմանան, թե իրենց ինչ է սպասվում:

Հարցին՝ թե ինչու հենց իր նկատմամբ նման արգելք կիրառեցին, երբ ՀՀ-ում կան գործիչներ, որոնք շատ ավելի սուր են քննադատում ՌԴ-ին, մինչդեռ ինքն իր խոսքով՝ երբևէ չի քննադատել ռուսաստանյան ներքին քաղաքականությունը, անձնավորված հայտարարություններ չի արել  իշխանությունների հասցեին, Գրիգորյանը նկատեց.«Առաջին՝ այդ պահին ես փորձեցի մուտք գործել իմ ընտանեկան հանգամանքներից ելնելով, երկրորդ՝  մեր կազմակերպությունը 10.000 հասցեով ուղարկում է իր կարծիքը  ԼՂ հարցում ՌԴ-ի քաղաքականության վերաբերյալ և վերջին հինգ ամսվա ընթացքում վերջին լարվածությունների ֆոնին մենք մեր կարծիքը տարածում էինք աշխարհով մեկ` միջազգային կառույցներ, վերլուծական կենտրոններ, եվրապատգամավորներ: Ակնհայտ է՝ Ռուսաստանին դա դուր չի գալիս, նա ուզում է, որ ՀՀ-ում հանդուրժող լինեն իր քաղաքականության վերաբերյալ»: 

Վերլուծաբանը վստահեցնում է, որ շարունակելու է իր համագործակցությունը միջազգային կառույցների հետ, ինչպես նաև ՌԴ-ի՝ ղարաբաղյան հարցում արտաքին քաղաքականության քննադատումը.«Ես հավաստիացնում եմ՝ կշարունակեմ քննադատել Ռուսաստանի քաղաքականությունը, եթե փորձ արվի Լեռնայի Ղարաբաղի անվտանգության դեմ քայլ կատարել, ոչ մեկ ինձ այդ դեպքում չի կարող կանգնեցնել»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում