Տեղի է ունեցել ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի հիմնանորոգված մասնաշենքերի բացումը (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը սեպտեմբերի 5-ին մասնակցել է ոստիկանության Երևան քաղաքի Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի հիմնանորոգված մասնաշենքերի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն շենքում է տեղակայված նաև Անձնագրային ու վիզաների վարչության Դավթաշենի անձնագրային ծառայությունը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ  ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Ոստիկանության պետը շրջեց հարմարավետ ու լուսավոր աշխատասենյակներում, աձնագրային ծառայությունում ծանոթացավ քաղաքացիներին սպասարկելու պայմաններին, բավարար գնահատեց հերթապահ մասի տեխնիկական հագեցածությունը, գոհունակություն հայտնեց աշխատանքային պայմանների կապակցությամբ, ինչը ծառայությունը լիարժեք կազմակերպելու գրավականներից է:

Վլադիմիր Գասպարյանը արդյունավետ ծառայություն մաղթեց աշխատակիցներին՝ նշելով, որ այս նորամուտը ևս մի քայլ է ոստիկանության բաժին-բաժանմունքների արդիականացման, ոստիկանների աշխատանքային պայմանների բարելավման ու ծառայության կատարելագործման ծրագրի իրականացման ճանապարհին:

Ոստիկանության ծառայությունների կատարելագործման ծրագրի շրջանակներում են նաեւ համայնքային ոստիկանության հենակետերը, որոնք կարեւոր քայլ են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, քաղաքացիների հետ համագործակցության խորացման ուղղությամբ:

Սեպտեմբերի 3-ին համայնքային ոստիկանության հերթական հենակետը բացվեց Գյումրիում: Բացման արարողությանը ներկա էր ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը:

Այսուհետ տարածքի բնակիչները ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության նորաբաց հենակետ կարող են դիմել իրենց եւ համայնքային խնդիրներով, գործակցության առաջարկներով եւ այլն:

Ուրախալի է, որ հենակետերի նշանակությունը բնակչության կողմից դրական է ընկալվում, իսկ վերջնարդյունքը հասարակությանը բարձրակարգ ծառայություն մատուցելն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում