Իրանը կպաշտպանի նավթաշուկայի կայունացման բոլոր միջոցառումները

Իրանը կպաշտպանի նավթ արտադրող երկրների բոլոր այն որոշումները, որոնք նպատակամղված կլինեն շուկայի կայունացմանը, եւ արդարացի է համարում բարելի դիմաց 55 դոլար գինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՇԱՆԱ գործակալությանը հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:

Պատասխանելով այն հարցին, թե Իրանը նավթի որ գինն է արդարացի համարում, Զանգանեն ասել է. «ՕՊԷՔ-ի անդամների մեծ մասն այն կարծիքին է, որ ՕՊԷՔ-ի նավթազամբյուղի գինը պետք է գտնվի 50-ից մինչեւ 60 դոլարի ընդգրկույթում: Մենք առավել նպաստավոր ենք համարում (բարելի դիմաց) 55 դոլարը: Այդ գինը, մեր կարծիքով, համապատասխանում է արտադրողների շահերին, կնպաստի մրցակցությանը եւ արտադրության աճի զսպմանը»,-ընդգծել է նա:

Իրանցի նախարարը դրական գնահատական է տվել սեպտեմբերի 6-ին Թեհրանում ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոյի հետ կայացած բանակցություններին: «Բանակցությունների ընթացքում մենք ներկայացրեցինք այն դիրքորոշումը, որն Իրանը կունենա ՕՊԷՔ-ի՝ (սեպտեմբերի վերջին) Ալժիրում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը: Իր հերթին գլխավոր քարտուղարը մեզ հայտնեց այն կոնսուլտացիաների բովանդակության մասին, որոնք նա անցկացրել է մի շարք երկրներում»,- ասել է Զանգանեն ՇԱՆԱ գործակալությանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Բարկինդոն Իրան է ժամանել, որպեսզի իրանական կողմին համոզի մասնակցել նավթի համաշխարհային գների կայունացմանը՝ Ալժիրում նավթի կարտելի մասնակից երկրների հանդիպման նախաշեմին:

Իրանը նավթի արտադրության ծավալով երրորդ երկիրն է ՕՊԷՔ-ում Սաուդյան Արաբիայից եւ Իրաքից հետո: ՕՊԷՔ-ի տվյալներով՝ 2016 թվականի հուլիսին Իսլամական Հանրապետությունն օրական արդյունահանում էր 3,6 միլիոն բարել նավթ:

Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան համաձայնություն են ձեռք բերել համատեղ կամ այլ նավթարտաղորղների հետ կոոպերացված գործողությունների շուրջը՝ նավթի շուկայի կայունության պահպանման եւ երկարաժամկետ հեռանկարում ներդրումների հաստատուն մակարդակի ապահովման նպատակով: Այս մասին ասված է երկրների համատեղ հայտարարության մեջ, որն ստորագրել են ՌԴ-ի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ Սաուդյան Արաբիայի Թագավորության էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Հալեդ բեն Աբդել Ազիզ ալ Ֆալեհը:

Իրենց հայտարարության մեջ նախարարները նշել են մատակարար երկրների առջեւ ծառացած երկարաժամկետ մարտահրավերները նավթի համաշխարհային շուկայում, որոնց թվում է նաեւ, ամբողջ աշխարհում կապիտալ ծախսերի զգալի կրճատումը նավթահանույթի բնագավառում:

«Նախարարները նշել են խոշորագույն արտադրող երկրների միջեւ կառուցողական երկխոսության եւ սերտ փոխգործակցության հատուկ կարեւորությունը՝ նավթի շուկայում կարունության պահպանման եւ երկարաժամկետ հեռանկարում ներդրումների հաստատուն մակարդակի ապահովման նպատակով: Այս առնչությամբ նախարարները պայմանավորվել են գործել համատեղ կամ նավթի մյուս արտադրողների հետ կոոպերացմամբ»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում