Իրանն ուսումնասիրություն կկատարի Հայաստան-Իրան հատվածում տուրիստական ենթակառուցվածքների ուղղությամբ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև դեռևս չօգտագործված ներուժ, համագործակցության հեռանկարներ կան և այս առումով կարևորել է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը: Կարևորվել է զբոսաշրջության ոլորտում, մասնավորապես, գյուղական տուրիզմի ոլորտում համագործակցության ծավալման հնարավորությունը, որպես օրինակ նշելով ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ իրականացվող «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրի մոդելը:

Դ. Լոքյանը վստահություն է հայտնել, որ այս ձևաչափով համագործակցությունը հաջողված կլինի նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ողջունել է այս առաջարկությունը, նշելով, որ Իրանի նահանգները գյուղական տուրիզմի ոլորտում լավ փորձ ունեն և կարող են լուրջ դերակատարում ունենալ նմանատիպ ծրագրերի իրականացման գործում: Տեղեկացվել է, որ առաջիկայում իրանական կողմը նախատեսում է նաև ուսումնասիրություն կատարել Հայաստան-Իրան հատվածում տուրիստական ենթակառուցվածքների ուղղությամբ, բարձրացնել խնդիրները և դրանց լուծումներ տալ: Դեսպանի խոսքով՝ երկկողմ գործնական քայլերի իրականացումը կարող են նպաստել տուրիզմի զարգացմանը՝ ինչպես Հա յաստանում, այնպես էլ Իրանում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև առողջապահության ոլորտում համագործակցության հնարավորություններին, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև առաջիկայում Իրանում կայանալիք ցուցահանդեսին Հայաստանի արտադրողների մասնակցությանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում