ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դժվարացել է նշել դաշինքին Վրաստանի անդամակցման ժամկետը

Այցով Թբիլիսիում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Վրաստանին խորհուրդ է տվել շարունակել բարեփոխումները եւ նշել է, որ դաշինքը օգնություն ցույց կտա այդ գործընթացում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւ Հյուսիսատլանտյան խորհրդի անդամները երկօրյա այցով Վրաստան են ժամանել սեպտեմբերի 7-ին:

«ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանին հյուսիսատլանտյան կառույցներին անդամակցման ճանապարհին: Ես կկրկնեմ եւ կնշեմ, որ մենք պետք է օգնենք Վրաստանին բարեփոխումների գործընթացում: Վրաստանի իմ գլխավոր խորհուրդը կլինի մեկը՝ շարունակել բարեփոխումները»,- հայտարարել է Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի «Եվրոպայի աշխարհառազմավարական լանդշաֆտի փոփոխությունը Վարշավայի գագաթնաժողովից հետո» խորհրդաժողովում:

«Վրաստանը կդառնա արդյոք ՆԱՏՕ-ի անդամ, դա կախված է սոսկ ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրներից»,- հավելել է գլխավոր քարտուղարը: Ըստ որում Ստոլտենբերգը դժվարացել է պատասխանել դաշինքին Վրաստանի անդամակցման ժամկետների վերաբերյալ հարցին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում