Առաջիկա ամիսներին կերևա՝ արմատական վիրահատական մեթոդների խնդիր կա, թե՞ PR է. Նարեկ Գալստյան (տեսանյութ)

Առաջիկա ամիսներին կերևա՝ արմատական վիրահատական մեթոդների խնդիր կա, թե՞ PR է. Նարեկ Գալստյան  (տեսանյութ)

ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը տեղին է համարում  Հովիկ Աբրահամյանի պաշտոնազրկումը՝ նշելով, որ նրա կառավարությունն ամենանդեմն էր և մեծ հաշվով ոչինչ էլ չարվեց, ինչ խոստացվել էր, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասով:

«Երկու տարվա ընթացքում չկա մի շոշափելի ձեռքբերում, որ այս կառավարությունն ունեցել է:  Թե ինչ կտա նոր վարչապետի նշանակումը, ապա եթե համակարգի փոփոխում չլինի, անձերի փոփոխության դեպքում չպետք է մեծ ակնկալիք ունենալ: Բայց մեզանում սովորություն կա ի սկզբանե  չքննադատել, այլ սպասել երկու ամսվա ընթացքում հնարավոր արդյունքների: Եթե օրինակ նորանշանակ վարչապետը կարողանա փողոցներից հանել արագաչափերն ու տեսախցիկները, որոնք տեռորի են ենթարկում ժողովրդին, կարծում եմ, որ շոշափելի ձեռքբերում կլինի: Երկրորդ՝ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պատրաստվում են  իրապես պայքարել մենաշնորհների, կոռուպցիայի դեմ, ինչ-որ գործնական քայլեր կատարել, եթե չորս ամսվա ընթացքում կա որևէ շոշափելի արդյունք, ես կասեմ՝ սխալվել եմ, բայց որևէ շոշափելի բան չկա: Ըստ իս՝ այս պահին իշխանությունը փորձում է փրկել իր դեմքն ընտրական գործընթացից առաջ, տեսնենք, թե որքանով կստացվի»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ հրաժարվելով մեկնաբանել  նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կենսագրությունը և կարողությունները. «Թե ինչի եկավ. առաջին՝ թիմի անդամ էր թերևս, երկրորդ՝ առջևում լրջագույն գործընթացներ կան՝ ԼՂ հիմնախնդիր, բանակցություններ, այսինքն՝ ցանկացած կարծիք ապրելու իրավունք ունի՝ սկսած ռուսական շահագրգռվածությունից մինչև իշխանության դեմքի փոփոխություն: Մենք PR չափորոշիչներին շատ լավ տիրապետում ենք, կտեսնենք առաջիկա ամիսներին՝ առաջին գործողություններն ուղեկցվում են աղմկահարույց գործընթացներով, թե՞ արմատական վիրահատական մեթոդների խնդիր կա: Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ անգամ փաստացի հանցագործությանը, իսկ մենք ՊՊԾ գնդի գրավումը չենք կարող չհամարել այդպիսին՝ անկախ ազնիվ կամ ոչ ազնիվ դրդապատճառներից, հասարակության մի ստվար զանգված հայտնեց իր աջակցությունը: Սա ցուցանիշ է, որ մեր հասարակության շրջանում կտրուկ արմատական փոփոխության պահանջ կա: Ըստ այդմ՝ իշխանությունը պետք է գնա արմատական բարեփոխումների, որովհետև այսօր հայտնվեց ծայրահեղական այս 30 հոգանոց խումբը, վաղը չգիտես ով կհայտնվի: Մի բան պարզ է՝ աշխարհի որևէ երկրում զենքով իշխանափոխությունը չի հանգեցրել որակական փոփոխությունների»:

Times.am-ի հարցին ի պատասխան Նարեկ Գալստյանն անդրադառնալով  որոշ նախարարների հնարավոր պաշտոնանկությանը, պնդեց՝ դրա անհրաժեշտությունը կա. «Չկա մի ձեռքբերում, որի համար չպետք է փոխեն: Օրինակ՝  ՊԵԿ-ի ղեկավարին ինչի չպետք է փոխեն, որ մի ձեռքբերման համար, կամ նախկին պետին: Մեր հարկատուները հարկային տեռորի ենթարկվո՞ւմ են, այո, ենթարկվում են, բայց եթե դա պիտի շարունակվի, ուրեմն անձի փոփոխությունը ոչինչ չի տա, եթե չի շարունակվի հարկային տեռորը, ուրեմն՝ անձի փոփոխությունն անհրաժեշտություն է: Պետք է մարդուն դրսևորվելու հնարավորություն տալ, բայց կարճ ժամանակում երևում է՝  դա   PR գործիք է, թե՞ իրական բարեփոխում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում