Անգամ մաքրամաքուր ընտրությունների պարագայում Փաշինյանի կուսակցությունը չի կարողանա 50+1 տոկոս ձայն հավաքել. Նարեկ Գալստյան (տեսանյութ)

Անգամ մաքրամաքուր ընտրությունների պարագայում Փաշինյանի կուսակցությունը չի կարողանա 50+1 տոկոս ձայն հավաքել. Նարեկ Գալստյան (տեսանյութ)

Սեպտեմբերի 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ կուսակցության խորհուրդը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ինչը տարբեր արձագանքների արժանացավ:

Լրագրողների հետ հանդիպմանը ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ակնարկեց՝ արևմտյան քաղաքականության մեջ այն ընդունված բան է, այսինքն՝ համաշխարհային պրակտիկայում նորմալ երևույթ է, երբ ընդդիմությունը ներկայացնում է իր հնարավոր կառավարության կազմը, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի քայլը PR էլեմենտներ է պարունակում:

«Փաշինյանի պարբերաբար արած հայտարարությունները, թե իրենք միակ ընդդիմությունն են, առնվազն ճիշտ չէ, եթե ուրիշ գնահատական չտամ: Ինչ վերաբերում է ստվերային կառավարության մասին հայտարարությանը, արևմտյան երկրներում  բարձր քաղաքական մշակույթի դրսևորում է, երբ կուսակցությունը կամ քաղաքական ուժը, որը գնում է ընտրությունների, ցույց է տալիս իր ապագա հնարավոր կառավարության անդամներին: Հիմա մենք չգիտենք չէ՞, թե ՀՀԿ-ի հաղթելու պարագայում ով է լինելու վարչապետը: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ժողովուրդն իմանա՝ ՀՀԿ-ի կամ որևիցե ուժի հաղթելու պարագայում ինչ պատկեր է ունենալու կառավարությունը: Իհարկե,  Փաշինյանի այս քայլն ունի որոշակի PR էլեմենտ, և ես վստահ եմ՝  Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը միայնակ չի կարողանալու հասնել հաջողության և անգամ մաքրամաքուր ընտրությունների պարագայում հավաքել  50+1 տոկոս»,- ասաց Գալստյանը:

Ըստ ՍԴՀԿ ատենապետի՝ հայաստանյան ներքաղաքական դաշտում մի բացասական երևույթ է նկատվում՝ քաղաքական գործընթացները դուրս են գալիս հանրահավաքային պայքարից. «Անցած տարի հանրահավաք անցկացրեցինք և ընդամենը 300-400 հոգի մարդ հավաքվեց, դա մեզ համար վատ էր, իսկ երեք ամիս առաջ դահլիճային միջոցառում կազմակերպեցինք, այդ ժամանակ 800 մարդ էր եկել: Նիկոլ Փաշինյանի կուսակցության հանրահավաքն էլ շատ սակավաթիվ էր: Վատ է, որ  քաղաքական գործընթացները դուրս են գալիս հանրահավաքային, փողոցային պայքարից, մինչդեռ քաղաքական ամենակարևոր գործիքը դա հանրահավաքային պայքարն է, և երբ դա սպառվում է, խոսում է զենքը, ինչպես եղավ հուլիսյան դեպքերի ժամանակ: Դա սարսափելի է, այն աստիճանաբար բերում է ձևավորված նորմերի, որի ռեսուրսը Հայաստանի նման փոքր երկիրը չունի: Ինքան էլ մենք  չսիրենք իշխանությանը, զենքով հարց լուծելու ռեսուրս մենք չունենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում