Հայաստանը եւ Վրաստանը քննարկել են համատեղ կրթական նախագծերի հեռանկարները

Հայաստանը եւ Վրաստանը քննարկել են համատեղ կրթական նախագծերի հեռանկարները

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան Թբիլիսիում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են համատեղ կրթական նախագծերի հեռանկարները: Կողմերն արծարծել են ներկայում Վրաստանում իրականացվող բարեփոխումներն ու նախագծերը, ինչպես նաեւ երկրների միջեւ կրթական փոխանակումների անհրաժեշտությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հայաստանի հետ մեր գործընկերությունը, անտարակույս, շատ կարեւոր է բոլոր ուղղություններում: Մենք նախարարի հետ խոսեցինք ինչպես ընդհանուր կրթության ուղղության ձեւավորման, այնպես էլ բարձրագույն մասնագիտական կրթության եւ գիտության մասին: Հայաստանը, ինչպես եւ Վրաստանը, ընդգրկված է Բոլոնյան գործընթացում եւ կրթական համակարգի առումով Եվրոպայի հետ ինտեգրացման գործընթացներում, ուստի մեր երկրները կարող են համատեղ շատ բան անել»,-հայտարարել է Ջեջելավան:

Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Ջեջելավային ջերմ ընդունելության համար եւ վստահություն հայտնել, որ մոտ ապագայում կկայանա վրացական պատվիրակության պատասխան այցը Հայաստան: «Մենք խոսեցինք աշխատանքային խմբերի ստեղծման մասին: Կստեղծենք, հավանաբար, երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն միջնակարգ եւ ընդհանուր կրթության, գիտության եւ բարձրագույն կրթության ուղղությամբ, որովհետեւ այն խնդիրները, որոնք ծառացած են մեր պետությունների առջեւ, ընդհանուր են: Այնուամենայնիվ, Հարավային Կովկասը միասնական տնտեսական գոտի է, մենթալիտետը եւ ժողովուրդների ընկալումը նույնպես միանման են»,– ընդգծել է Մկրտչյանը:

Հայաստանի կառավարական պատվիրակության՝ Վրաստան աշխատանքային այցի ընթացքում, սեպտեմբերի 13-ին, Լեւոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտոր Արչիլ Փրանգիշվիլիի, ինչպես նաեւ Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Սաղանելիձեի հետ, հաղորդել է Sputnik-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում