Ընտրություններին մասնակցում են միայն քաղաքապետարանի աշխատակիցները

Ընտրություններին մասնակցում են միայն քաղաքապետարանի աշխատակիցները

Գյումրիի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական քարոզարշավի կարգախոսն է «Ժամանակին վճարված աշխատավարձեր»։ 

Այնպիսի տպավորություն է, որ այն մարդիկ, ովքեր զբաղված են Բալասանյանի նախընտրական քարոզարշավով, անում են հնարավորինս՝ վերջինիս վարկանիշը գցելու, ընտրվելու շանսերը նվազեցնելու համար։ Հակառակ դեպքում առավել զավեշտալի կարգախոս հնարավոր չէր ընտրել։

Նախ վճարվող աշխատավարձերը քաղաքապետի ոչ թե լավ աշխատելու արդյունքն են, այլ պարտականությունը և կարգավորվում են տեղական ինքնակառավարման մասին օրենքով ու անկախ նրանից ով կլինի քաղաքապետը, այդ աշխատավարձերը պետք է վճարվեն։ Բացի այդ, ի՞նչ փույթ գյումրեցիներին, որ քաղաքապետարանի ու նրան կից հիմնարկների աշխատավարձերը վճարվում են ժամանակին։ Դա ի՞նչ է տալիս գյումրեցիներին, ի՞նչու պետք է նրանք ընտրեն Բալասանյանին միայն նրա համար, որ նա վճարել է քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձերը ու առհասարակ հարց է ծագում, բացի աշխատավարձեր վճարելուց, ի՞նչ է արել Բալասանյանը Գյումրիի համար։

Սակայն հարցը Բալասանյանը չէ։ Արել է նա որևէ բան Գյումրիի ու գյումրեցիների համար, թե ոչ, այդ մասին գյումրեցիներից լավ ոչ մեկը չի իմանա ու այդ հարցի պատասխանը կտան միայն գյումրեցիները ընտրությունների ժամանակ։

Հարցն այստեղ փիառ տեխնոլոգիաների սխալ կիրառումն է ու դրանց մատների արանքով նայելու անհեռանկար մոտեցումը։ Գաղտնիք չէ, որ մեղ մոտ շատ գործիչներ, երբեմն էլ նաև կուսակցություններ այս ամենակարևոր գործառույթը վստահում են իրենց մտերիմներից կամ վստահելի անձանցից որևէ մեկին, առանց հաշվի առնելու այդ մարդու գիտելիքները տվյալ ոլորտի վերաբերյալ։ Սիրողական մոտեցման արդյունքում էլ ստացվում է այն, ինչ ստացվել է նշված օրինակի դեպքում։ Այնինչ դասական քարոզարշավների ժամանակ բնավ պարտադիր չէ, որ այդ գործընթացի կազմակերպումը ստանձնի կուսակիցդ կամ մանկությանդ ընկերը։ Գործիչներն ու կուսակցությունները բավականին մեծ գումարներ են ծախսում, հրավիրելով մասնագետների մի ամբողջ խումբ։ Իրականացվում են մի շարք նախնական միջոցառումներ ու ուսումնասիրություններ, հաշվի են առնվում ամեն մանրուքները սկսած թեկնածուի հագուստից, վերջացնելով նրա քայվածքով։ Սովորաբար քարոզարշավից առաջ, մասնագետները ընտրազանգվածը բաժանում են երեք, առավել մանրազնին բաժանման դեպքում, հինգ խմբերի։ Առաջին խմբում ներառում են այն հատվածը, ովքեր իրենց թեկնածուին ոչ մի դեպքուն չեն ընտրելու, երկրորդ խմբում ընդգրկում են այն հատվածը, ովքեր տվյալ թեկնածուի ընտրողներն են, իսկ երրորդ խմբում ներառվում է չկողմնորոշված ընտրազանգվածը, որն ի դեպ ամենամեծ մասն է կազմում։ Այնուհետև ժամանակ չվատնելով առաջին երկու խմբերի վրա, ամբողջ քարոզարշավը կենտրոնացնում են վերջին խմբի ուղղությամբ, քանի որ առաջին երկու խմբերի հետ աշխատելու իմաստ չկա։ Վերջին հատվածը բաժանում են շատ կոնկրետ թիրախային խմբերի ու բոլոր կոչերն ու կարգախոսները ընտրում են հստակ և նպատակաուղղված ու առանց ամպագոռգոռ արտահայտությունների։ Ի դեպ եթե թեկնածուն ճոռոմ արտահայտությունների ու անտեղի ժպիտների սիրահար չէ, խորհուրդ չի տրվում քարոզարշավի ժամանակ անցում կատարել նման պահվածքի, քանի որ կեղծիքն ակնհայտ կլինի։ Գլխավոր կարգախոսն էլ հանդիսանում է բոլոր ծրագրերի ու անելիքների հանրագումարը մեկ նախադասությամբ։ Այն կարող է իր մեջ նաև պարունակել ակնարկ, նախկինում կատարված ամենաառանցքային աշխատանքի վերաբերյալ։

Իսկ տվյալ դեպքում Բալասանյանի քարոզարշավով զբաղվողները թեկնածուին դրել են շատ անհարմար վիճակի մեջ։ Կարդալով կարգախոսը, կարելի է ենթադրել, որ Բալասանյանի ամենախոցելի ու չկոմնորոշված հատվածը, քաղաքապետարանի աշխատողներն են, քանի որ ուղերձը հասցեագրված է հատուկ նրանց։ Բացի դրանից այդ կարգախոսը մի տեսակ նմանվում է երեսով տալուն։ Ես քեզ ժամանակին վճարեցի աշխատավարձդ, դու էլ բարի եղիր քվեդ ինձ տալու։

Եվ ամենակարևորը՝ այդ կարգախոսը իր մեջ չի պարունակում ոչ անցյալ, ոչ էլ ապագա։

Դատելով կարգախոսից, կարելի է եզրակացնել, որ պաշտոնավարման ողջ ընթացվում Բալասանյանը աշխատավարձ վճարելուց բացի, առավել նշանակալի ոչինչ չի արել, վերընտրվելու դեպքում էլ կշարունակի միայն կանոնավոր կերպով վճարել այդ նույն տխրահռչակ աշխատավարձերը։

Հուսանք ժամանակի ընթացքում մեր թեկնածուները առավել պատշաճ ուշադրություն կդարձնեն իրենց նախընտրական քարոզարշավներին ու այդ գործի կազմակերպումը կվստահեն բանիմաց մարդկանց։

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում