Երկրի տնտեսության վիճակը չափազանց ծանր է.Կ. Կարապետյան (տեսանյութ)

Երկրի տնտեսության վիճակը չափազանց ծանր է.Կ. Կարապետյան (տեսանյութ)

ԱԺ-ում  Կառավարության հետ հարցուպատասխանին ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին  հիշեցրեց ՀՀԿ նիստում արած հայտարարությունը, թե իր գործունեությունը երկու փուլից է բաղկացած լինելու և հետաքրքրվեց՝ ինչ է պատրաստվում անել,  կադրային ինչ փոփոխություններ են լինելու, Կարապետյանը պատասխանեց` արագ փոփոխություններ չեն նախատեսում:

«Առաջին փուլում արագ փոփոխություններ չեն լինելու, այլ կլինեն քայլեր, որոնք մենք մոտ ապագայում կարողանալու ենք իրականացնել: Երկրորդ փուլի համար մեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը: Պետք չէ սպասել, որ նոր կառավարությունը շատ արագ կփոխի երկրի տնտեսությունը, բայց մենք ազդանշաններ ենք տալու, թե որ ուղղությամբ ենք տանում մեր երկիրը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ նոր կառավարությունը օգտագործելու է նաև նախորդի ծրագիրը. «Մենք պետք է կարողանանք ստեղծել մաքսիմալ բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծելու համար: Սա կարող է շատ ընդհանուր բանաձև թվալ, բայց այս պահին այսքանը, որովհետև լավ ապրող երկրները նրանք են, որտեղ ստեղծագործող, գործարար, հավելյալ արժեք ստեղծող մարդն իրեն երջանիկ է զգում: Ռեսուրսներ, նավթ և գազ  ունեցող երկրները դրանց մեջ չեն: Թե որոնք կլինեն մեր առաջիկա քայլերը, մենք ձեզ կներկայացնենք»:

ՀՀ նորանշանակ վարչապետն այս համատեքստում պարզաբանեց, որ արագ փոփոխությունների ակնկալիք չունենալու հորդորը չի նշանակում, որ քայլեր չեն արվելու, այլ որ ՀՀ տնտեսության վիճակը շատ ծանր է. «Ես հիմա հայտարարում եմ, որ եթե մենք ցանկանում ենք մեր երկրի տնտեսության մեջ փոփոխություններ անել, ապա պետք է գնանք ռեալ, համակարգային փոփոխությունների: Ես հիմա բաց ու ազնիվ ասում եմ, որ այսօր մեր երկրի տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր է»:

Անդրադառնալով կադրերի ընտրությանը,  Կարեն Կարապետյանն ասաց, որ կառավարության կազմը համալրելու են պրոֆեսիոնալ կադրեր:

Տեսագրությունը` Ա1+-ի

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում