Կուլիսային ի՞նչ նոր զրույցների սկիզբ դրեց վարչապետի փոփոխությունը

Կուլիսային ի՞նչ նոր զրույցների սկիզբ դրեց վարչապետի փոփոխությունը

Հայաստանում Կառավարության նոր ղեկավար նշանակելու փաստը քաղաքական տարբեր շրջանակներում հետաքրքիր քննարկումների սկիզբ է դրել։ Հասարակությունն անհամբեր սպասում է նոր վարչապետի ամեն խոսքին ու հայտարարությանը։ Լրատվամիջոցներն էլ, բնականաբար, Կարապետյանի յուրաքանչյուր քայլ փորձում են որպես սենսացիա ներկայացնել։ Տպավորությունն այն է, թե բոլորը սպասում են հրաշքի։ Ընդ որում, այդ հրաշքն էլ պիտի լինի ոչ թե տնտեսության վիճակի արագ բարելավման տեսքով (Կարեն Կարապետյանն այս մասին արդեն ասել է, որ դժվար է լինելու), այլ կտրուկ քայելերի։ Օրինակ, ինչ֊որ կարևոր նախարար պաշտոնանկ արվի, մյուսին կոպիտ խոսք ասվի, քննադատի Հովիկ Աբրահամյանին երկրի տնտեսության ծանր վիճակի համար և այլն։ Այսինքն, հասարակական ձևակերպված պահանջը դեռևս շոու տեսնելն է։ Եվ համընդհանուր այս աղմուկի մեջ շատ քչերն են, որ փորձում են հասկանալ, թե ինչպե՞ս է նոր վարչապետը պատրաստվում ներդրումներ բերել Հայաստան կամ հարկային ինչպիսի՞ նոր քաղաքականություն է պատկերացնում մեր երկրի համար։

Զանգվածային լրատվամիջոցների էջերում ընթացող այս քննարկումները, թերևս, սպասելի էին։ Ցավոք, բովանդակային դիսկուրսի պակասն այստեղ վաղուց է արդեն զգացվում։ Բայց նույն թերթերի կամ կայքերի էջերում մերթընդմերթ հանդիպում են կարծիքներ, որոնք որոշակի լույս են սփռում քաղաքական դաշտի կուլիսներում ընթացող քննարկումների տրամաբանության վրա։ Այսպես օրինակ, պատասխանելով մեր կայքի թղթակցի հարցերին, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ տնտեսության առաջին խնդիրները կապված են ներդրումների հետ։ «ՀՀ-ում կան մարդիկ, որոնք շատ մեծ գումարներ են աշխատում՝ միլիոնավոր դոլարների, բայց շատ չնչին ներդրում են կատարում: Փոխարենը դրսում տուն են առնում, կամ ինչ-որ գործարան՝ շոկոլադի, կոնֆետի, կոշիկի և այլն», ֊ ասել է Վազգեն Մանուկյանը։

Թե ո՞վ է դրսում շոկոլադի գործարան գնում, կարծում ենք, բոլորին է հայտնի։ Բայց նախկինում այդ փաստը շատերը նախընտրում էին անտեսել։ Իսկ հիմա ահա խոսում են։ Ինչպես նաև խոսում են նոր Կառավարության կազմի, հնարավոր նոր նշանակումների և թեկնածուների արժանիքների ու թերությունների մասին։ Այս կապակցությամբ հետաքրքիր դիտարկում է արել դաշնակցական նախկին պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։ «Վերջերս նկատում եմ անձի երկատվածության մի տարատեսակի շեշտակի աճ: Ոմանք երկատվում են` փորձելով քծնել, «օճառվել» (մյուս պատկերավոր բնութագրումը չեմ նշի) միաժամանակ երկուսին ( ոմանք` նույնիսկ երեքին) բայց, համենայնդեպս, պահպանելով հավասարություն կամ, ավելի ճիշտ, «խորանալու համաչափություն», մինչև վերջնականապես կողմնորոշվեն, թե որ «ուղղությունն» է առավել հեռանկարային», – գրել է Սեյրանյանը։

Ահա այսպես, հարգելի ընկերներ։ Առաջիկա ամիսներն, իհարկե, հետաքրքիր կլինեն։ Չմոռանանք, որ առջևում խորհրդարանական ընտրություններ են։ Քաղաքական նման իրադարձությունները երբեք անհետևանք չեն անցել։ Հուսանք՝ այս անգամ դրանց բացասական կողմը կանդրադառնա միայն կուլիսներում, իսկ հաճախ նաև լրատվական դաշտում բախտ որոնող բանսարկուներին։

Վահան ՓԻՓՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում