Ժամանակի հրամայական է ՀՀ-ն դարձնել գործարար հարթակ՝ Իրանի հետ հարաբերություններ զարգացնել ցանկացողների համար

Ժամանակի հրամայական է ՀՀ-ն դարձնել գործարար հարթակ՝ Իրանի հետ հարաբերություններ զարգացնել  ցանկացողների համար

Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերի ակտիվացման նպատակով, հոկտեմբերի 5-8-ը, Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ Թեհրանի ցուցահանդեսների միջազգային համալիրում, կանցկացվի «Հայաստան Էքսպո 2016» (“Armenia Expo 2016”) հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը։

Այս մասին հայտարարվել է սեպտեմբերի 16-ին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

«Հայաստանի կառավարությունը հայկական ապրանքների համար նոր շուկաների բացահայտման, ներդրումների խրախուսման, գործարարների միջև արդյունավետ երկխոսության, առևտրատնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև արտահանման ծավալների մեծացման նպատակով որդեգրել և իրականացնում է ակտիվ և բազմավեկտոր քաղաքականություն։ Այդ քաղաքականության շրջանակում է դիտարկվում նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում կազմակերպվող «Հայաստան Էքսպո 2016» հայկական ապրանքների ու ծառայությունների ցուցահանդեսը։ ՀՀ կառավարությունը կարևորում և առաջնային է համարում Իրանի Իսլամական Հանրապետության հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացումը և արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը», – իր ներածական խոսքում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը։

«Կարծում եմ՝ այսօր առկա են բոլոր նախապայմանները, որոնք կարող են մեծացնել Իրանի և իրանական շուկայի նկատմամբ հայկական բիզնեսի հետաքրքրությունը: Դրանց շարքին են դասվում Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, որպես դրա արդյունք՝ եվրոպական, ռուսական և այլ երկրների կողմից Իրանի հանդեպ օրեցօր մեծացող հետաքրքրությունը, ԵԱՏՄ-Իրան համագործակցության ընդլայնումը և առևտրի հնարավոր ազատականացումը, և, անշուշտ, մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ, բարեկամական հարաբերությունները: Ժամանակի հրամայական է Հայաստանը դարձնել գործարար հարթակ՝ Իրանի հետ հարաբերություններ զարգացնելու ցանկություն ունեցող երկրների և ընկերությունների համար», – ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը:

«Այս միջոցառման կազմակերպմամբ նպատակ ունենք իրանական շուկային ներկայացնել Հայաստանի տնտեսության ներուժն ու զարգացման հնարավորությունները, որոնք ավելի են ընդլայնվել ԵԱՏՄ մեր անդամակցությամբ: Միաժամանակ, նպատակ ունենք իրանցի գործարարների ավելի լայն շրջանակի համար բացահայտել մեր երկրի միջոցով նոր շուկաներ դուրս գալու առավելությունները: Հուսով եմ նաև, որ ցուցահանդեսի ընթացքում հայ և իրանցի ձեռներեցների միջև նոր գործարար կապեր կհաստատվեն, կքննարկվեն ներդրումային ծրագրեր, որոնք ներկայացվելու են ցուցահանդեսի շրջանակում», – նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

«Հայաստան Էքսպո 2016»-ին կներկայացվեն հայկական սննդի, դեղագործության, շինանյութերի արտադրության, թեթև արդյունաբերության, ոսկեգործության, ճշգրիտ ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային, ապահովագրության, բեռնափոխադրումների և այլ ոլորտների շուրջ 70 ընկերությունների ապրանքեր ու ծառայություններ։

Նմանատիպ ցուցահանդես նախատեսվում է անցկացնել նաև Երևանում, որտեղ կներկայացվեն իրանական ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները:

Հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում նախատեսվող «Հայաստան Էքսպո 2016» հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքն իրականացվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում