Իրանը ցանկանում է Հայաստանի միջոցով բարձրացնել իր դերակատարությունը ԵԱՏՄ շուկայում

Իրանը Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լավ հնարավորություն է համարում՝ միության անդամ երկրների շուկաներում իր դիրքերն ամրապնդելու համար: Այդ հարցում Իրանն ակնկալում է Հայաստանի աջակցությունը: «Հայաստանը՝ որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով տնտեսական համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

«Հիմա իրանցի ներդրողներն ու գործարարներն ակտիվ այցեր են կազմակերպում Հայաստան, և մենք պետք է նպաստենք, որ հայ գործարարներն ու ներդրողներն էլ նույն ակտիվությամբ այցեր կազմակերպեն Իրան, որովհետև տնտեսական փոխգործակցությունը խորացնելու մեծ պոտենցիալ կա: Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, կարող է բարձրացնել Իրանի դերակատարությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շուկաներում: Հայաստանը կարող է վերացնել առկա խոչընդոտները»,- « Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Անդրադառնալով տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցության հեռանկարներին՝ դեսպանն ընդգծեց, որ Հայաստանին տեղեկացրել են բազմաթիվ ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Նրա խոսքով՝ համագործակցության լայն հնարավորություններ կան մշակութային, տնտեսական, տարանցման ոլորտներում, իսկ Իրանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նկատմամբ:

Դեսպանը բարձր է գնահատում Հայաստանի և Իրանի քաղաքական համագործակցության մակարդակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում