Թեհրանում անցկացված զորահանդեսում ներկայացվել են ռուսական Ս-300 զենիթահրթիռային համալիրները

Սեպտեմբերի 21-ին Թեհրանում կայացած զորահանդեսում ներկայացվել են Ս-300 զենիթահրթիռային համալիրները (ԶՀՀ), որոնք Ռուսաստանի կողմից մատակարարվել են Իրանին: Հանրությունը նաեւ տեսել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի սպառազինությունում առկա ռազմական տեխնիկայի նորագույն նմուշները, այդ թվում՝ «Էմադ» հրթիռները («Շահաբ-3»-ի արդիականացված տարբերակը՝ մինչեւ 1650 կիլոմետր գործողության շառավղով) եւ «Սաջիլ» հրթիռները (մինչեւ 2000 կիլոմետր), գործողության տարբեր շառավղով հակաօդային պաշտպանության համակարգեր, Zolfaghar արդիականացված տանկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Զորահանդեսը տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հիմնադիր իմամ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանի մոտ:

Իրանում սպառազինությունների նորագույն նմուշների ցուցադրությունն ավանդաբար անցկացվում է սեպտեմբերի 21-ին՝ 1980 թվականին Իրաքի հետ ութամյա պաերազմի սկսվելու տարելիցի օրը: Միաժամանակ Պարսից ծոցի ափին գտնվող Բենդեր Աբաս նավահանգստում սեպտեմբերի 21-ին անցկացվել է ԻԻՀ-ի ռազմածովային ուժերի մարտանավերի ստուգատես, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում