ՀՀԿ-ի լուրջ մրցակիցը ՀՀԿ-ն է. ներսի թևերի միջև լուրջ պայքար է գնում. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկմամբ՝ Գյումրիում և Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա հիմնվելով՝  կարելի է մոտավոր պատկերացում կազմել 2017-ի խորհրդարանական ընտրությունների մասին, քանի որ այս այստեղ  ականատես ենք  լինելու  քաղաքականացված ընտրությունների, որին մասնակցում են կուսակցություններ, ընտրվելու է ավագանի, այսինքն՝ փորձարկվելու է խորհրդարանական ընտրությունների մինիմոդելը: Սակայն գլոբալ առումով ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունները քաղաքական չեն: Իսկ այն, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ից հետո երկրորդ տեղում անկուսակցականներն են, քաղտեխնոլոգն ակնարկեց, որ անկուսակցականներին չխոչընդոտելը, որոշ տեղերում էլ աջակցելը, տեխնոլոգիա է՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անկուսակցականների հետ համագործակցելն ավելի հեշտ է:

Լչագրողների հետ հանդիպմանն այս համատեքստում Քոչարյանը նկատեց, որ 50+1 ձայն ունենալ ՀՀԿ-ին դժվար է լինելու, ուստի ամենայն հավանականությամբ կձևավորվի իշխանական կոալիցիա. «Փորձ կարվի ՀՅԴ-ի հետ, անակնկալ այլ կոալիցիաներով մեծամասնություն ունենալ, ինչի մասին ավելի վաղ մեսիջ եղավ ՀՀ նախագահի կողմից, երբ հայտարարվեց, որ  ազգային համաձայնության կառավարություն է ձևավորվելու: Այսինքն՝ Ազգային համաձայնության կոալիցիան էլ կձևավորի այդ Ազգային համաձայնության կառավարությունը»:

Այստեղ քաղտեխնոլոգը հիշեցրեց 1999-ին «Միասնություն» դաշինքի ստեղծումը, երբ միավորվեց իշխանությունն ու ընդդիմությունը, որին ոչ մեկ մինչ այդ չէր հավատում: Ասել կուզի՝ չի բացառվում նաև նման միավորումը:

Հարցին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավո՞ր է ընդդիմադիրների շրջանում սրացում՝ մեկը մյուսից ավելի ընդդիմադիր երևալու համար, Կարեն Քոչարյանը հաստատեց՝ այո. «Հասկանում են, որ կա x տոկոս, որը լինելու է ընդդիմությանը, և այդ x տոկոսի մեջ առավելագույն տեղեր գրավելու համար պետք է երևալ առավելագույնս ընդդիմադիր: Նույնը նաև իշխանության մեջ է: Իշխանության մեջ էլ սարսափելի պայքար է, քանի որ հասկանում ենք՝ կա այսքան տեղ, իսկ ցանկացողներն ավելի շատ են: Բայց ՀՀԿ-ի լուրջ մրցակիցը ՀՀԿ-ն է, իր ներսում է ամբողջ պրոբլեմը. այնտեղ կան մեծահասակների, ռուսամետների, արևմտամետների, քաղաքական, բիզնես-կրիմինալ թևեր: Նախապատվության խնդիր չկա. գնում է պայքար՝ որ թևն  է հաղթելու: Իսկ սա կերևա, երբ ՀՀԿ-ն իր ցուցակը հրապարակի»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում