Նոր խնդիրների մասով վարչապետն այլ անձի է տեսնում, ինձ եղել է առաջարկ՝ այլ ուղղություններով. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Այս պահին հրաժարականի խնդիր չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը` հիշեցնելով, թե այս պահին ինչ կարգավիճակում են աշխատում.«Խնդրում եմ՝ ով ցանկություն ունի, կարող է մտնել՝ տեսնել իմ աշխատանքային գրաֆիկը: Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները: Հրաժարական տալու խնդիր չկա: Մենք ժամանակավոր ենք զբաղեցնում այս պաշտոնը, պաշտոնակատար ենք, ու ես շարունակելու եմ կատարել իմ պարտականությունները, քանի դեռ չի եղել նոր հրամանագիրը»:

Հարցին`  առաջարկե՞լ են այլ պաշտոնի անցնել, Մինասյանը դրական պատասխան տվեց.

«Այո, եղել է առաջարկ տարբեր ուղղություններով: Ես որպես ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածու, բնականաբար, այդ առաջարկությունը քննարկման առարկա եմ դարձնելու կուսակցության ԳՄ-ում, որից հետո նոր  մեր մոտեցումը կներկայացնենք: Ինչ վերաբերում է հետագայում աշխատանքը շարունակելուն, եթե երեկ Կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագիծն ընդունվի, ապա ակնհայտ է՝ էկոնոմիկայի նախարարությունը չի լինում, իսկ պարոն վարչապետն էլ  նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել»:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի և  ՀՅԴ-ական նախարարների լարված հարաբերությունների մասին խոսակցություններին, Մինասյանը վստահեցրեց, որ որևէ լարվածություն չկա. «Բնականոն աշխատանքային գործընթաց է, չկա լարվածություն, չկա խնդիր այդ առումով: Ես համոզված եմ, որ թե ՀՅԴ Գերագույն մարմինը, թե ՀՀԿ ղեկավարությունը, քաղաքական ուժերի միջև կնքված համաձայնագիրը կյանքի կոչելու անհրաժեշտ կամք ունեն: Չկա որևէ տարաձայնություն»:

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ իր համար սկզբունքային նշանակություն ունեն  Սահմանադրական փոփոխությունները, ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթը և ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիրը, որոնցով առաջնորդվել է. «Ես շարժվել եմ այդ ուղղություններով, ես համարում եմ, որ գլխավոր խնդիրը մնում է տնտեսական դոկտրինի մշակման հարցը, որը պետք է մեր տնտեսության բոլոր ուղղություններով անելիքները և տեսլականն ուղենշի»:

 

                 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում