Հայկական բանակի մարտունակությունը բարձրացել է մի քանի անգամ. Վաղարշակ Հարությունյան

Երևանում սեպտեմբերի 21-ի զորահանդեսը Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաազդեցիկն է եղել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Վերջին 7 տարում հայկական բանակի մարտունակությունը բարձրացել է մի քանի անգամ: Մենք ունենք տարածաշրջանում լավագույն հակաօդային պաշտպանությունը, ինչը անիմաստ է դարձնում Ադրբեջանի ծախսերը՝ ուղղված իրենց ռազմաօդային ուժերի զարգացմանը: Ապրիլյան մարտական գործողությունները դա ցույց տվեցին, Ադրբեջանը փորձեց օգտագործել օդուժը` կորցնելով երկու ուղղաթիռ»,– ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսում ցուցադրվեց նոր համակարգ, որը բավական արդյունավետ է զորքերի հակաօդային պաշտպանության տեսանկյունից: Խոսքը «Бук м2» համակարգի մասին է: Ցուցադրվեց նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը` «Ինֆաունա»-ն:

«Այս ամենը պատերազմը կբերի նոր որակի և կապահովի մեր զորքերի անվտանգությունը: Այս համակարգն ունի հնարավորություն խափանելու հակառակորդի գործողությունները: Բացի դրանից, արդյունավետ միջոց է անօդաչու սարքերի դեմ: Մենք հիմա ունենք համակարգ, որը թույլ է տալիս պայքարել դրանց դեմ»,-հավելեց Վաղարշակ Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում