«ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի քսան երկրից ժամանած 250 մասնակիցների

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը: 14-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «Իրականացրու երազանքդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հետ» խորագիրը և կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իսրայելից, Լիտվայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն աշխարհահռչակ «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսին» (Ուզբեկստան), «Նեբոլշոյ Դրամատիկական Թատրոն»-ի «Կարամազով եղբայրներ» (Սանկտ Պետերբուրգ), Մ. Գորկու անվան թատրոնի «Հոգիների աճուրդը» /բեմադրիչ՝ կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյան/ (Գերմանիա) ներկայացումները:

Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները և այլն:

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կանցկացվի «Ժամանակակից թատրոնը» թեմայով միջազգային գիտաժողով՝ ԵԹԿՊ-ի հետ համատեղ:

Տերպսիխորայի երկրպագուների համար անակնկալ է սպասվում. կանցկացվի լեհական ծրագիր: Այն կրում է «Ժամանակակից պարի հարթակ» խորագիրը:

Հիմնական ներկայացումների մուտքը կլինի հրավիրատոմսերով և անցագրերով:

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):

Հետևեք մեզ նաև Telegram-ում